Արմինֆո.Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: Այդ մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հոկտեմբերի 15-ի գիշերը տարածած հաղորդագրությունում: «ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը», - ասվում է հաղորդագրությունում:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, իր հերթին, կոչ է արել զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և "սկանդալային" տեղեկատվության աղբյուր դառնալու գայթակղությունից: Հոկտեմբերի 15-ի գիշերը պետնախարարի «Ֆեյսբուքի» էջում զետեղված հաղորդագրությունում ասվում է.
«Ինչպես քիչ առաջ Պաշտպանության բանակը տեղեկացրել է, հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Հորդորում եմ բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և «սկանդալային» տեղեկությունների աղբյուր դառնալու գայթակղությունից. բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա: Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել: Առողջապահության նախարարի հետ միասին ես այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, հետևել բուժսպասարկման աշխատանքներին. այժմ էլ գտնվում եմ այնտեղ: Որոշակի հետազոտություններից հետո բժիշկները հավաստիացնում են, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, և, բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ այլ հետևանք չի եղել: Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով: ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ: Խնդրում եմ մեր հայրենակիցներին ցուցաբերել հանգստություն, չտրվել կեղծ տեղեկությունների ու բամբասանքների: Պատկան մարմինները օպերատիվ ու կանոնավոր կերպով տեղեկություններ են ներկայացնելու իրավիճակի հետագա ընթացքի վերաբերյալ»:
Ավելի ուշ Արցախի պետնախարարը զետեղել է նոր գրառում, որում ասվում է. «Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»: