Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները բավական են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար: Այդպիսի համոզմունք է հայտնել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
"ՌԴ միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվել է կանգնեցնել։ Ներկայումս ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են անհրաժեշտ պայմանների ձեւավորմանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի վերջնական քաղաքական կարգավորման համար", - ասել է Սիդորովը ճեպազրույցում, հաղորդում է "Զվեզդա" հեռուստաալիքը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որի գործունեության հռչակված նպատակներն են "խաղաղության, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդումը, անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանությունը՝ հավաքական հիմունքով, որոնց հասնելու գերակայությունը անդամ պետությունները տալիս են քաղաքական միջոցներին":