Արմինֆո. Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Հոկտեմբերի 9-ին Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում կայացել է փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:
Կինոփաառատոնի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել «Նոր հին ներկայացում» (ռեժ․՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։
Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակ է ստացել «Սանձում» (ռեժ․՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը։ «Կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի է արժանացել «Աշխարհ»-ը (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան» է ստացել «Ստորգետնյա»-ն (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ է ստացել «Գլխիվար»-ը (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկառնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում էին նաև պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատը, կինոքննադատ Լարիսա Մայլյուկովան և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։
Կորիզ կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի կազմում էին դերասանուհի Ռոմաննա Լոբաչը, «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պաստառների հեղինակ, վիզուալ արտիստ Վահրամ Մուրատյանը և փառատոնային տնօրեն Ֆիլիպ Ժալալդոն։ FIPRESCI-ի ժյուրիի կազմում էին կինոքննադատներ Ալեքսանդեր Մելյանը, Դոմինիկ Շմիդը, Մայքս Նաաֆսը։