Արմինֆո. Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) դեմ է հանդես եկել Թուրքիային 40 F-16 կործանիչների վաճառքին: ԱՀՀ-ում հիշեցրել են, որ հենց այդ ինքնաթիռն է Ադրբեջտանի կողմից օգտագործվել հայ ժողովրդի դեմ՝ անցած աշնանը 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ, որն Ադրբեջանի կողմից սանձազերծվել էր Թուրքիայի լիակատար աջակցությամբ:
«Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ F-16 կործանիչները գաղտնի տեղակայվել են Ադրբեջանում նախքան պատերազմը, որտեղ դիտվել է թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ օգտագործում Արցախում հայ ժողովրդի դեմ», - հայտարարել են ԱՀՀ-ում:
Ըստ տեղեկատվության, միլիարդավոր դոլարների գործարքը գտնվում է օտարերկրյա ռազմական արտադրանքի վաճառքի գործընթացում եւ պետք է հավանության արժանանա ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի կողմից: Նրանք նաեւ իրավունք ունեն արգելափակել վաճառքը: «Կոնգրեսն ու ամերիկյան ժողովուրդը գիտեն, որ Էրդողանի ռեժիմը Թուրքիայում դարձել է ոչ միայն անվստահելի դաշնակից, այլեւ նենգ սպառնալիք ԱՄՆ շահերին եւ տարածաշրջանում եւ ողջ աշխարհում մարդու իրավունքներին", - հայտարարել են վեհաժողովի համանախագահներ Վան Կրիկորյանը եւ Էնթոնի Բարսամյանը: "F-16-ի օգտագործումն Ադրբեջանում ավտոկրատ Ալիեւի ռեժիմի հետ համագործակցությամբ քրիստոնյա հայերի վրա ցեղասպանական հարձակումներ կատարելու համար այն չէ, որ ԱՄՆ-ն պետք է առաջ մղի", - նշել են նրանք:
Հիշեցնենք, ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում է Reuters-ը, Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաեւ մոտ 80 ամերիկյան կործանիչների արդիականացման խնդրանքով: Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռեւս ուսումնասիրվում է Պետդեպարտամենտի եւ կառավարական պրոֆիլային գերատեսչության կողմից, որը մտնում է Պենտագոնի կառուցվածքի մեջ: Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարման, ԱՄՆ-ի եւ այլ երկրների զինված ուժերի միջեւ կապերի խթանման, պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցության համար: Բացի այդ, հիշեցնում Է Reuters-ը, այդ կառույցների կողմից հնարավոր հավանության արժանանալուց հետո գործարքը կարող է արգելափակել Կոնգրեսը։ Հանրապետականներն ու դեմոկրատները վաշինգտոնյան վարչակազմին կոչ են անում ճնշում գործադրել Անկարայի վրա ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի գնման կապակցությամբ: "Վարվող քաղաքականության շրջանակներում Պետդեպարտամենտը չի հաստատում եւ չի մեկնաբանում սպառազինության եւ տեխնիկայի ենթադրյալ վաճառքները կամ փոխանցումները այնքան ժամանակ, քանի դեռ դրանց մասին պաշտոնապես չի հաղորդվել Կոնգրեսին", - հրապարակված տեղեկատվությունը գործակալությանը մեկնաբանել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում: