Արմինֆո. Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել "3+3" ձեւաչափով Ռուսաստանի հետ միասին, այնուամենայնիվ, երկիրը ինչ-որ ձեւով պետք է ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում: Վրաստանի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որն առաջարկել է տարածաշրջանային համագործակցության "3+3" ձեւաչափը՝ մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ, մյուս կողմից, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։
"Անշուշտ, երբ մենք ոչ մի գործընթաց չենք տեսնում ապօկուպացման ուղղությամբ, շատ դժվար է մասնակցել նման ձեւաչափով եւ խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ հանրությանը նման դիրքորոշում ներկայացնել մտորելու համար. այդ մեծ աշխարհաքաղաքական նախագծերում եւ հարաբերություններում մենք պետք է ներկայանանք գոնե ինչ-որ ձեւով, անշուշտ, ոչ պետական շահերի եւ օկուպանտին ինչ-որ զիջումների հաշվին", - հայտարարել Է Զալկալիանին, ընդգծելով, որ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը "կարմիր գիծ" են: "Անհրաժեշտ է, որ մենք հետ չմնանք այն գործընթացներից, որոնք զարգանում են տարածաշրջանում, և անպայման մասնակցենք բոլոր նոր, նույնիսկ, ենթակառուցվածքային նախագծերին, որոնք կարող են շրջանցել Վրաստանը, ինչի պատճառով երկիրը կարող է կորցնել իր դերն ու գործառույթը։ Ուստի՝ այստեղ կարեւոր է հստակ դիրքորոշում ունենալ, որպեսզի մեր երկրի շահերը չտուժեն", - ասել է Զալկալիանին, հաղորդում է "Նովոստի Գրուզիան"։
Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվել է "3+3" ֆորմատ ստեղծելու մասին նախաձեռնությունը. անդրկովկասյան երեք երկրները և նրանց երեք մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան"։ Ինչպես նշել է Լավրովը, Իրանը դրական վերաբերմունք ունի այդ նախաձեռնության նկատմամբ, ինչպես նաեւ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Նա նշել է, որ ՌԴ-ն աշխատանքներ է տանում հայ գործընկերների հետ։ Նրա խոսքով ՝ ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանը, չնայած իր ունեցած խնդիրներին, կկարողանա տեսնել իր հետաքրքրությունը նման մեխանիզմի ստեղծման հարցում:
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցրել է այն բանից հետո, երբ 2008թ. օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։