Արմինֆո. «Հայաստան» խմբակցությունը, ինչպես և հայտարարել էր, համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում: Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում:
«Հատկանշական է, որ մշտապես իր լիազորություններից գանգատվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունենալով Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություն, այն պայմաններում, երբ օրենսդրական փաթեթը հակասելով միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը՝ չդիմեց Սահմանադրական դատարան, պարզապես սահմանափակվեց իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով: «Հայաստան» խմբակցության կողմից, հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացվել անհապաղ կասեցնել այս օրենսդրական փաթեթի գործողությունը: Դիմումը երեկ մուտքագրվել է ՍԴ», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ վերը նշված օրինագիծն ընդունվել է խորհրդարանի կողմից սեպտեմբերի 24-ին։ Այժմ, ըստ փաստաթղթի, բոլոր 37 նոր կազմավորված համայնքներում, նույնիսկ, եթե համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրացել, առաջիկայում տեղի կունենան ավագանու ընտրություններ՝ կուսակցական ցուցակներով։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության թեկնածուն կգլխավորի համայնքը։ Հավելենք նաև, որ սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կա Սահմանադրական դատարանի որոշում, որ այս հարցով տեղական հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական է, և խոշորացումը ՝ որպես քաղաքական գործընթաց, կորոշվի միայն Ազգային ժողով - կառավարություն ոլորտում: Քաղաքական որոշումն արդեն ընդունվել է, ասել է վարչապետը