Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խուսափել է պատասխանել Անդրկովկասի քարտեզի փոփոխության միտումների մասին Թեհրանի պնդումների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանն առնչվող հարցին:
Հոկտեմբերի 7-ին ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվան համաձայն Է Իրանի այն հայտարարության հետ, որ Անդրկովկասում դիտվում են աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ տարածաշրջանի քարտեզի փոփոխության միտումներ, Զախարովան հիշեցրել է, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ունի իր հրաշալի պաշտոնական ներկայացուցիչը, եւ խորհուրդ է տվել մեկնաբանությունների համար այնտեղ դիմել: "Կարող եմ միայն ասել, որ մենք ելնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովման խնդրի գերակա բնույթից։ Ռուսաստանը համապատասխան համալիր քաղաքականություն է վարում, այդ թվում ՝ տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ երկխոսության միջոցով։ Երեկ ՌԴ և ԻԻՀ ԱԳ նախարարները քննարկել են "3+3" (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան Ադրբեջան, Վրաստան) ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը ։ Իրանցի ընկերները դրական վերաբերմունք ունեն այդ նախաձեռնության նկատմամբ", - նշել է նա։ Նշենք, որ ԻԻՀ ԱԳ նախարարը, այդ թվում ՝ երեկ Մոսկվա կատարած այցի ժամանակ, հայտարարել էր, որ Իրանը Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ չի ընդունի։ "Տարածաշրջանը չի կարող հաշտվել նոր չափազանցված պահանջների հետ։ Իրանն ակնկալում է, որ մյուս երկրները դրական կարձագանքեն իր բարիդրացիության քաղաքականությանը։ Մենք Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ չենք ընդունի։ Մենք նախկինի պես մտահոգված ենք սիոնիստների եւ ահաբեկիչների ներկայությամբ", - ասել է նա՝ նախօրեին ռուս գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսում: