Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ և ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկման սկզբում փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ընդգծեց, որ այս աշխատանքային քննարկմամբ մեկնարկում են ԵՄ աջակցության փաթեթի շրջանակներում սահմանված ուղենիշների ներքո Կառավարության կողմից մշակված կոնկրետ նպատակների շուրջ բանակցությունները:
Փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից առաջարկվող ուղենիշները, դրանց հիմնական բաղադրիչները և ինդիկատիվ ծախսերը: Քննարկման ընթացքում հստակեցվել են ծրագրերի արդյունավետ իրականացմանն ուղղված համատեղ քայլերի հաջորդականությունը, ներդրումային և ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հաստատել էր Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու Բրյուսելի պատրաստակամությունը: Այդ միջոցները պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին, հայտարարել էր Միշելը: ԵՄ-ն առաջարկել է ուշադրություն դարձնել հինգ առաջնահերթ ծրագրերի վրա այն ոլորտներում, որոնց բարեփոխումը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը Հայաստանի բնակիչների համար՝ առաջիկա 4-5 տարիների ընթացքում: ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխեի խոսքով ՝ այդ ծրագրերը ենթադրում են տնտեսական աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, ուժեղ տնտեսություն։ Միջոցները կուղղվեն ՓՄՁ-ներին աջակցությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն ու հաղորդակցությունների զարգացմանը, "Հյուսիս-Հարավ" մայրուղու կառուցմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներին, Հայաստանի հարավային շրջանների ամրապնդմանը: