Արմինֆո.Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասում ռազմական ակտիվության ավելացմանը։ Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
Նա եւս մեկ անգամ հիշեցրել է տարածաշրջանային իրադրության վերաբերյալ ռուսական դիրքորոշման անփոփոխության մասին եւ նշել, որ հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել ղարաբաղյան հակամարտության գոտում մեկ տարի առաջ պատերազմի դադարեցման, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների մակարդակով եռակողմ հայտարարության կնքման գործում, որի համաձայն, հակամարտության գոտում տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելություն, որն ապահովում է հանգստություն եւ պայմաններ է ստեղծում խաղաղ կյանքի վերականգնման համար:
Ռուսաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ նույն համատեղ հայտարարության մեջ պարունակվում էին սկզբունքներ, որոնք որոշում են կարգավորման առաջխաղացման հետագա քայլերը, ներառյալ այդ տարածաշրջանում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքը: Լավրովի խոսքով ՝ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ Վրաստանը ՝ որպես եւս մեկ անդրկովկասյան երկիր, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան ՝ որպես Հարավային Կովկասի երեք հանրապետությունների մոտակա հարեւաններ:
"Այդ համատեքստում մենք այսօր քննարկել ենք "3+3 " ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը՝ երեք անդրկովկասյան երկրներ եւ նրանց երեք մեծ հարեւաններ (Իրան, Ռուսաստան եւ Թուրքիա)։ Իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն այդ նախաձեռնության նկատմամբ, նույն վերաբերմունքն ենք դիտարկում նաև Ադրբեջանում և Թուրքիայում։ Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանն էլ, չնայած իր ունեցած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական շահը խորհրդատվությունների նման մեխանիզմի ստեղծման եւ այդ տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ որոշումների համաձայնեցման հարցում, որը երկար ժամանակ զսպում էր իր զարգացումը այստեղ պահպանվող հակամարտությունների պատճառով",- ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ԱԳ նախարարը դեմ է արտահայտվել տարածաշրջանում ռազմական ակտիվության ավելացմանը: "Դեմ եմ, որ որևէ զորավարժություն սադրիչ բնույթ կրի։ Կան մտահոգություններ, որոնք, ասենք, նույն Ադրբեջանն արտահայտում է մեր իրանցի բարեկամների վերջին զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվել են սահմանից ոչ հեռու", - ասել է Լավրովը։
Իրանի ԱԳ նախարարը, իր հերթին, արձագանքելով ռուս գործընկերոջ վերջին առաջարկին, ընդգծել է տարածաշրջանում առկա գործընթացներին ոչ տարածաշրջանային երկրների չմիջամտելու կարեւորությունը: "Մենք հանդես ենք գալիս բարիդրացիական հարաբերությունների օգտին՝ տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր երկրների միջեւ: Եւ ես մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կհասնենք այն կետին, որի դեպքում տարածաշրջանում լարվածություն, թյուրիմացություն, հակամարտություն չլինի։ Պարոն Լավրովն անդրադարձավ տարածաշրջանում տեղի ունեցող զորավարժություններին: Կցանկանայի նշել, որ Ադրբեջանը մշտական հիմունքով վեց զորավարժություն է անցկացրել տարբեր երկրների հետ", - ասել է իրանցի նախարարը՝ այդ զորավարժությունները որակելով սադրիչ։ Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր երկիր ինքն է լուծում դրանց անցկացման հարցը, սակայն, այնուամենայնիվ, նման քանակի սպառազինության կուտակումը լավ հույզեր չի ներշնչում տարածաշրջանում:
"Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին շրջանում միայն մեկ զորավարժություն է անցկացրել և՝ միայն տարածաշրջանի բոլոր երկրներին համապատասխան դիվանագիտական ծանուցումից հետո։ Այդ զորավարժություններն անցկացվել են Իրանի ներսում եւ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ուղերձ էին, եւ՝ ոչ այլ բան", - եզրափակել էԱբդոլահիանը: