Արմինֆո. Իրանը չի հանդուրժի աշխարհաքաղաքական փոփոխություններ Հարավային Կովկասում։ Այդ մասին հոկտեմբերի 6-ին Մոսկվայում հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ։
Նշելով, որ Լավրովի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ զրույցը բեկումնային էր, իրանցի նախարարն ասել է. "Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, մենք ունենք մտահոգություններ, որոնք քննարկել ենք պարոն Լավրովի հետ։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանն, իհարկե, այլևս չի հանդուրժի անհամաչափ պահանջներ։ Մենք բարեկամաբար և եղբայրաբար ենք տրամադրված մեր հարևանների նկատմամբ։ Եվ այն, որ այստեղ հնչում են հայտարարություններ և հիասթափություն է առաջացվում Իրանի և նրա հարևաններից մեկի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ, մենք դժգոհ ենք"։
Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Իրանի հարեւանները պետք է դրական պատասխան տան բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ուղղված իրանական քաղաքականությանը: "Մենք, իհարկե, չենք հանդուրժի աշխարհաքաղաքական փոփոխություններ և քարտեզի փոփոխություն Կովկասում։ Եւ մենք լուրջ մտահոգություններ ունենք այդ տարածաշրջանում ահաբեկիչների եւ սիոնիստների ներկայության վերաբերյալ", - ասել է Իրանի ԱԳ նախարարը, հավելելով, որ Թեհրանը ոչ մեկի նկատմաբ ավելորդ նրբանկատություն չի դրսեւորի սեփական եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում:
Աբդուլահիանը նշել է, որ Իրանի ուղերձը հարեւաններին բարեկամությունն է եւ տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ապահովումը: Ընդ որում, նա հավելել է, որ Լավրովը խոսել է Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային երկխոսության մասին: "Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի հետ երկխոսությունն ու զրույցը, անկասկած, մտնում է տարածաշրջանում հարաբերությունների զարգացման սկզբունքային գործիքի մեջ՝ ապահովելով նրա հաստատուն անվտանգությունն ու կայունությունը", - ամփոփել է նա: