
Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "Պետական պաշտոններ զբաղեցնող աանձանց եւ պետական ծառայողների վարձատրության մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է սոցփաթեթի շրջանակներում պետծառայողներին մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնում:
Ինչպես խորհրդարանականներին հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, օրինագիծն ուղղված է նաեւ պետական համակարգում աշխատանքի գրավչության բարձրացմանը: Փոխնախարարը պարզաբանել է, որ փոխնախարարները, նախարարները, փոխխոսնակները եւ վարչապետը, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները նախաձեռնության շահառու չեն, ինչի մասին գրել են մի շարք լրատվամիջոցներ:
Այժմ սոցփաթեթի 72 հազար դրամի չափով միջոցները, բացի գործող ուղղություններից, շահառուի եւ նրա ընտանիքի անդամի առողջության ապահովագրման նվազագույն փաթեթի ձեռքբերում, Հայաստանում եւ Արցախում հանգստի վարձ, հիփոթեքային վարկի ամսական վճարի եւ ուսման վարձի մարում, կփակեն նաեւ մարզաառողջարարական համալիրների, լողավազանների եւ այլ մարզական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ծախսերը, ինչպես նաեւ "ֆիզիկական կոփման եւ առողջ ապրելակերպի նպատակով" պետական սուբսիդիայով ուսանողական վարկերի մարումը:
Հիշեցնենք, որ սոցփաթեթների ծրագիրը պետական ծառայողների համար Հայաստանում գործում է 2012 թվականից։ Սոցփաթեթը տրամադրվում է պետական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին (կանանց, ամուսիններին և մինչև 27 տարեկան երեխաներին): Սոցփաթեթը Տրվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության գերատեսչությունների ծառայողներին (բացի արտասահմանում աշխատող դիվանագետներից), ինչպես նաեւ դպրոցի ուսուցիչներին, տեխնիկումների (ոչ բուհերի) դասախոսներին, մշակութային հաստատությունների, գիշերօթիկների, գիտությունների ակադեմիայի ինստիտուտների աշխատակիցներին: Սոցփաթեթների համար պետբյուջեով (բացառությամբ բուժսպասարկման բաղադրիչի) նախատեսվում է մոտ 10 մլրդ դրամ, համակարգի շահառու են մոտ 100 հազար պետծառայողներ։