Արմինֆո. Աշխարհաքաղաքական գործընթացների, մասնավորապես, Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում հին կարգը մահացել է, իսկ նորը՝ դեռ չի ծնվել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Հասկանալի է, որ այս ամբողջ իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում։ Տարածաշրջանային նոր ստատուս-քվոն դեռ պետք է հաստատվի։ Եվ ահա այստեղ կարևոր է նշել, որ այս նոր կարգը վերաբերելու է բնավ ոչ միայն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխհարաբերություններին։ Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է նաև մեր տարածաշրջանում Իրանի տեղի վրա։ Նաև հասկանալի է, որ այս վայրն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է մինչև Արցախի հանդեպ ադրբեջանական արկածախնդրությունը", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ քաղաքագետը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, արդյունքներն ու հետպատերազմյան ազդակները բնութագրել է որպես Թեհրանի շահերին բոլորովին չհամապատասխանող: Իսկանդարյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Արցախի հետ մինչպատերազմյան 140-կիլոմետրանոց սահմանը և հետպատերազմյան 40 կիլոմետրանոց սահմանը աշխարհաքաղաքական ֆորմատավորման տեսանկյունից միանգամայն տարբեր է և չի կարող չանդրադառնալ ԻԻՀ տարածաշրջանային դերի վրա։
"Հասկանալի է, որ այս ամենը կտանի փոփոխությունների։ Հասկանալի է նաև, որ այդ փոփոխություններն արդեն ընթացքի մեջ են։ Որպես հետեւանք՝ իրանցիներն այժմ փորձում են արտակարգ զսպվածություն դրսեւորել եւ կողմնորոշվել սեփական գործողությունների հարցում՝ նոր ստատուս-քվոյի պայմաններում։ Իրանցի զինվորականների զորավարժություններն Ադրբեջանի հետ սահմանին նույն օպերայից են։ Դա տեղի ունեցածին Թեհրանի արձագանքներից մեկն է, որի վերջնական նպատակն է հնարավորինս ամրապնդել սեփական քաղաքական դիրքերը Հարավային Կովկասում", - ընդգծել է նա։
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական բանակը բերվել է լիակատար մարտական պատրաստության։ Իրանն, իր հերթին, սկսել է զորքեր տեղակայել Ադրբեջանի սահմանին՝ դեռ սեպտեմբերի կեսերին։ Արձագանքելով այդ կապակցությամբ Ալիեւի վրդովմունքին՝ ԻՐԱՆԻ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունների անցկացումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է: Զորավարժություններից մեկ օր առաջ Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին պաշտոնական հայտարարություն է արել ՝ պարզաբանելով զորավարժությունների նպատակներն ու խնդիրները։ Ըստ էության, այդ մասին խոսում է ինքն զորավարժությունների անվանումը "Հայբարի նվաճողները": 629 թվականին Մեդինայից հյուսիս հուդայականների հենարան Հայբար օազիսը գրավվել է մահմեդականների բանակի կողմից, որը գլխավորել է Մուհամեդ մարգարեն: