Արմինֆո.Պետք է որդեգրել տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման այնպիսի սցենարներ, որոնք ոչ թե կխորացնեն տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների մեկուսացումը, այլ, ընդհակառակը, պայմաններ կստեղծեն նրանց խաղաղ գոյակցության համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ օեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա ուրախությամբ փաստել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ակտիվացրել է իր գործունեությունը։ Այս համատեքստում նա դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում։ "Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց, որը պետք է սկսի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ճանապարհով։ Գերիների, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի հարցը կարեւոր խնդիր է", - ասել է Փաշինյանը։
Նա հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամության մասին իր ավելի վաղ արած հայտարարությունը: "Պատրաստ եմ ինձ հետ վերցնել բոլոր քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և չունեն անվտանգության գործառույթ Հայաստանի համար, հույս հայտնելով, որ Ադրբեջանի նախագահն իր հետ կբերի գերիներին, պատանդներին և Ադրբեջանում պահվող այլ անձանց", - նշել է նա: Ընդ որում, ինչպես նշել է վարչապետը, պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատվել է, այլեւ այն քաղաքացիներին, որոնք, հայկական կողմի տեղեկատվության համաձայն, գտնվում են Ադրբեջանում, սակայն նրանց գերության փաստը հաստատված չէ: "Հեշտ չէ իրականացնել խաղաղ զարգացման դարաշրջանի բացման օրակարգը, բայց, մյուս կողմից, կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, այդ օրակարգն աստիճանաբար պետք է իրականացվի", - ասել է նա: