Արմինֆո.Հաագայի ՄԱԿ միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը լսումներ կանցկացնի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հակընդդեմ հայցերի շրջանակում։
Ինչպես հաղորդում է DW-ն, վկայակոչելով Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ նախնական միջոցների կիրառման պահանջին: Հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին:
«COVID-19 համավարակի կապակցությամբ նիստերը կանցկացվեն հիբրիդային ձևաչափով: Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ մյուսները` տեսակապի միջոցով: Կողմերի ներկայացուցիչները նույնպես կարող են լսումներին մասնակցել անձամբ կամ տեսակապով», - հավելել են դատարանում:
Նաեւ հիշեցվում է, որ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին Հայաստանը դիմել էր ՄԱԿ միջազգային դատարան Ադրբեջանի դեմ հայցով, Բաքվի կառավարությունն անցած շաբաթ հակընդդեմ հայց էր ներկայացրել։