
Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանն Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել է իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի գտնվելու անթույլատրելիությունը:
IRNA-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել է. "Իրանը չի հանդուրժի իր ազգային անվտանգության դեմ սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործողությունները և կձեռնարկի այդ առնչությամբ անհրաժեշտ ցանկացած միջոց":
Իրանի ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել Ադրբեջանի դեսպանին Թեհրանում իր առաքելության ընթացքում և կարևորել երկկողմ հարաբերությունները բարիդրացիության շրջանակներում: Ընդ որում, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դժգոհություն է հայտնել "Ադրբեջանի տարածքում" (ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածը - խմբ.) իրանցի երկու վարորդների ձերբակալման կապակցությամբ և Ադրբեջանի Հանրապետության վերջին բացասական հայտարարությունները որակել զարմանալի և ցավալի: Աբդոլլահիյանն Իրանի տարածքում զորավարժությունների անցկացումն անվանել է յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունք:
Ալի Ալիզադեն, իր հերթին, ընդգծել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կլուծվի:
Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քիումերս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը հոկտեմբերի 1 - ին զորավարժություններ են սկսում երկրի հյուսիս-արեւմտյան տարածաշրջանում (Արդեբիլ, Արեւելյան Ադրբեջան, Արեւմտյան Ադրբեջան եւ Զանջան): Նրա խոսքով ՝ զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն Իրանի ԶՈՒ հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ եւ զրահատեխնիկա:
Նշենք նաև, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին: ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի:
Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:
Արարատ Միրզոյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։