
Արմինֆո.Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներն իրանցի վարորդների համար հնարավորինս հարմարավետ լինեն: Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:"Ամեն ինչ արվում է, որպեսզի մաքսային տերմինալներում սպասարկումը լինի նրանց համար հնարավորինս հարմարավետ, առանց տնտեսավարող սուբյեկտների համար լրացուցիչ դժվարությունների", - նշել է նա:
Անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի կողմից ոստիկանական կետի տեղադրմանը՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հարցի լուծման համար համալիր միջոցառումներ են պահանջվում, եւ այդ ուղղությամբ կառավարությունն արդեն աշխատում է։
Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում է հարկամաքսային կոմիտեի նախագահը, լրացուցիչ մաքսային կետ տեղադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ գերատեսչությունն իր գործառույթներն իրականացնում է առկա ենթակառուցվածքի միջոցով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից Ադրբեջանը սկսել է իրանական համարանիշներով բեռնատարները կանգնեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան գյուղի հարակից հատվածում: Պարզվել է, որ ադրբեջանցի զինվորականները կանգնեցնում են իրանական բեռնատարները եւ նրանցից պահանջում են երթեւեկության վարձ: Մեկ օր անց նրանք երկու իրանցի վարորդների են ձերբակալել Գորիս - Կապան ճանապարհահատվածում ՝ նրանց մեղադրելով Ստեփանակերտ բեռներ փոխադրելու համար։ Ինչպես հաղորդել են Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեից, Բաքուն վերահսկողություն է սահմանել Սյունիքի մարզով անցնող Գորիս-Կապան ճանապարհահատվածում' "ադրբեջանական հարկային օրենսգրքին համապատասխան": Իսկ տրանսպորտային միջոցները հարկվում են ճանապարհային հարկով, ինչպես նաեւ պետական տուրքով ՝ Ադրբեջանի տարածքում միջազգային ավտոմոբիլային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար"։
Այնուամենայնիվ, սեպտեմբերի 15-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղում արեց Խորհրդային Հայաստանի սահմաններին եւ հայտարարեց, որ երկիրը համառորեն հետեւելու է տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման ռազմավարությանը, եւ կոչ արեց պատգամավորներին առիթ չտալ իրավիճակի այլ ընկալման համար: Նա հայտարարեց, որ "մեզ ուժեղ նյարդեր են պետք", որպեսզի այսօր չտրվենք սադրանքներին։ Իսկ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում՝ այն հարցին, թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհի մի շարք հատվածներում մնալու են ադրբեջանցիները, նշեց, որ Հայաստանը չի կարող որոշում կայացնել "Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանության կետերի" վերաբերյալ: Նրա խոսքով, թեեւ երկրները չեն անցել սահմանազատման եւ սահմանանշման գործընթաց, սակայն այդ հատվածում Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ գոյություն ունեցող ճանապարհն արդեն նախապես ուրվագծված է: