Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ադրբեջան եւ Հայաստան եւ հույս ունի դրական դեր խաղալ հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
"Վաղը մեկնում եմ Բաքու։ Ես հանդիպում կունենամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որին շատ եմ հարգում։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Ինչն ամենակարեւորն է՝ մենք վստահում ենք միմյանց: Երբ վստահություն կա երկրների եւ առաջնորդների միջեւ, ես կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն", - ասել է Ղարիբաշվիլին:
"Ես նույնպիսի հարաբերություններ ունեմ պարոն (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր։ Առաջիկայում նախատեսում եմ նաև այցելել Հայաստան։ Ես կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ եռանդը ներդնել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում եւ դրական դեր խաղալ", - ասել է Վրաստանի վարչապետը IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ Ղարիբաշվիլիի այցը Բաքու կկայանա այսօր։ Ավելի վաղ Ղարիբաշվիլին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթում համաշխարհային առաջնորդներին առաջարկել է "հարեւանության խաղաղ նախաձեռնություն"՝ Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար: Ինչպես այն ժամանակ նշել է վրաստանի վարչապետը, Թբիլիսին պատրաստ է ընդունել առաջին հանդիպումը խաղաղ նախաձեռնության շրջանակում: Նրա խոսքով ՝ նոր ձեւաչափը կօգնի երկխոսության կառուցմանը եւ կլինի տարածաշրջանային հարցերի գործնական լուծում:
Ավելի ուշ նա հայտարարել է, որ Վրաստանը հանդես է գալիս Թբիլիսիում հայկական եւ ադրբեջանական կողմերի բարձր մակարդակի շփումների հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ: