Արմինֆո. Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գլխավոր խնդիրը պայմաններ ստեղծելն է, որունցում Իլհամ Ալիեւին այլ բան չի մնա, քան բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
"Առանց Հայաստանի, առանց Ադրբեջանի Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի վերականգնում հնարավոր չէ։ Այդ պատճառով էլ Նյու Յորքում ամեն ինչ արվեց, որպեսզի Բաքվին համոզեն, ստիպեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի արտգործնախարարն այնտեղ արդեն հանդիպել է միջնորդների հետ։ Իմ կարծիքով, ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների վերսկսումն, առաջին հերթին, ԱՄՆ-ի հիմնական նպատակն է", - նշել է նա։
Սեպտեմբերի 24-ի համատեղ հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը ՝ շարունակելու աշխատանքը հակամարտող կողմերի հետ՝ գտնելու Ղարաբաղին առնչվող մնացյալ հարցերի համապարփակ լուծումներ: Նախորդ տարվա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը համանախագահները գնահատել են որպես երկու երկրների վճռականության նշան ՝ ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ Ի դեպ, արդեն հաջորդ օրը Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ղարաբաղյան հարցը լուծված է։ "Մենք ոչ մի առաջարկ չենք ստացել Մինսկի խմբից՝ անցյալ տարվա պատերազմից հետո։ Իսկ քանի որ նախաձեռնություններ չկան, ապա միջնորդների գործունեության մասին խոսելն անտեղի է", - հայտարարել է նա։
Ամեն դեպքում, Գրիգորյանի կարծիքով, գլխավորն ամենեւին էլ այն չէ, թե հակամարտության կողմերին ինչ տարբերակ կառաջարկվի համանախագահների կողմից, առավել ևս ՝ ոչ նրանց պատասխանը։ Կարևորն այն է, որ Ալիևին հարկադրաբար նստեցնեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչն արդեն միջազգային հանրության մեծ հաղթանակն է լինելու, առաջին հերթին՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ Բանակցությունների սեղանի շուրջ՝ Արցախի կարգավիճակը որոշելու օրակարգով։ Այս լույսի ներքո քաղաքագետը նաև մտավախություն ունի Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված, որը կարգավիճակին, ըստ նրա, երկրորդական նշանակություն է տալիս։
Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված օրինագիծը քաղաքագետը դիտարկում է ԱՄՆ Պետդեպարտամենտի և նախագահի նախորդ հայտարարությունների շարքում: ԱՄՆ վարչակազմի այս քայլերի նպատակը Գրիգորյանը համարում է Բաքվին եւ Անկարային ուղղված հիշեցում՝ իրենց կատարած հանցագործությունների վաղեմության ժամկետի բացակայության մասին: Այն մասին, որ Արցախի նկատմամբ նախորդ տարվա ագրեսիայի ընթացքում իրենց հանցագործությունները վաղ թե ուշ կստանան համարժեք պատիժ։
Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանի և Արցախի հակամարտության մասին օրինագիծ։ Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի եւ Բրեդ Շերմանի կազմած փաստաթղթում Ադրբեջանից պահանջվել է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին եւ պատանդներին: Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարի վրա պարտավորություն է դրվում հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում ՝ արգելված սպառազինության օգտագործման մասին։ Ինչպես նաև Արցախում գործող թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման մասին։