Արմինֆո. Նյու Յորքում կայացել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից տարածված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Կայացել է նաեւ արտգործնախարարների համատեղ հանդիպում, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»:
Հայտարարությունում նշվում է, որ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ: «Համանախագահներն առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ միջոցառումներ և հնարավոր հետագա քայլեր: Համանախագահներն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած գործողությունների ամբողջ շարքին:
Համանախագահները ողջունում են երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ որպես տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու երկու երկրների վճռականության նշան:
Միջնորդները, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու իրենց հանձնառությունը`Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բոլոր մնացյալ հարցերի համապարփակ լուծման համար», - նշվում է հայտարարությունում:
Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ սեպտեմբերի 24-ին համանախագահները եւ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկառլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ եւ նրանց ներկայացրել են անցած մեկ տարվա ընթացքում իրենց գործադրած ջանքերը, ինչպես նաեւ վերջին զարգացումներն այդ գործընթացում: