Արմինֆո. Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների բեկումնային ջերմացում չի լինի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Չեմ կարծում, որ այսօր կարելի է բեկում ակնկալել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում։ Ընդ որում, խոսքը գնում է ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում Երեւանի եւ Անկարայի միջեւ ջերմացման, այնպես էլ Թուրքիայի կողմից առաջ մղվող 3+3 պլատֆորմին աջակցության մասին, որում նախատեսվում է ներգրավել Հարավային Կովկասի երեք պետություններին եւ տարածաշրջանային Ռուսաստանին, Իրանին եւ հենց Թուրքիային", - ընդգծել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով իրեն փոխանցված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկի մասին: "Եթե ցանկանում եք հանդիպել, ապա պետք է հայտնի քայլեր ձեռնարկել ։ Մենք փակ չենք հանդիպումների համար ։ Վրաստանի վարչապետը ինձ է փոխանցել Հայաստանի վարչապետի հանդիպման առաջարկը։ Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի ։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան կարող էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ", - հայտարարել էր Էրդողանը։ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Էրդողանի հայտարարությունը չի հերքել և չի հաստատել։
Իսկանդարյանը հատուկ նշել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսություն հաստատելու փորձը նորություն չէ: Այս լույսի ներքո՝ նա Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախաձեռնողականությունը գնահատել է ավելի շուտ որպես հեծանիվ հորինելու փորձ։ Քաղաքագետը հիշեցրել է, որ խոսակցությունների մակարդակով հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման և այլ փորձեր արդեն ձեռնարկվել են, բայց դրանք բոլորը, ի վերջո, հայտնվել են փակուղում:
Այս լույսի ներքո քաղաքագետը հիշեցրել է, որ 2010թ. ցյուրիխյան փորձի շրջանակներում բանը հասավ, նույնիսկ, "ֆուտբոլային դիվանագիտությանը", սակայն դա էլ տապալվեց՝ հերթական անգամ բախվելով Հայաստանի նկատմամբ թուրքական երկարամյա նախապայմաններին։ Այս համատեքստում Իսկանդարյանը Անկարայի և Երևանի միջև հերթական եղանակի փոփոխության հնարավորության մասին հերթական անգամ հաճախակի դարձած խոսակցությունները դիտարկում է որպես Թուրքիայի կողմից ճնշման հերթական դրսևորում։ Ընդ որում, ճնշման նպատակը, նրա կարծիքով, նույնպես չի փոխվել ՝ Անկարան ձգտում է կրկին առաջ մղել իր նախապայմանները։
Վերջին պնդումը քաղաքագետը պայմանավորում է Հայաստանի ընթացիկ, ոչ լավագույն վիճակով։ Որը երկրի ներսում դիտարկվում է Ադրբեջանի և նույն Թուրքիայի դեմ պատերազմում պարտություն կրած մարդկանց աչքերով։ Իրավիճակի շտկումը, նրա կարծիքով, ժամանակ է պահանջում։ Իսկ պարտվողական սինդրոմից ձերբազատվելն արդեն ոչ միայն էթնոմշակութային, այլև հայերի քաղաքական ինքնության կառուցմանը նպատակաուղղված աշխատանք է։
"Անկախության նախորդ երեք տասնամյակների ընթացքում քիչ բան չի արվել։ Սակայն, ավելի շատ պետք է անել: Եվ ոչ ոք մեզ չի խոստացել, որ դա հեշտ է լինելու: Նման կարճ ժամանակահատվածում իրական պետություն կառուցել, սկզբունքորեն, հնարավոր չէ։ Առավել ևս՝ պարտադրված և չդադարող պատերազմ վարելով Արցախի ազատագրման համար։ Իսկ հայերի՝ որպես ազգի մոտ պետական ինստիտուտների նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայությունն էլ ավելի է դժվարացնում այդ գործընթացը։ Ի դեպ, կարող եմ ասել, որ նման հարաբերությունների մշակումն այսօր կայացման փուլում է, ինչն արդեն բոլորովին վատ չէ", - ամփոփել է Իսկանդարյանը։