Արմինֆո. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, կորոնավիրուսի համավարակը եւ կլիմայի փոփոխությունը, ինչպես նաեւ Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Կիպրոսի եւ Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանի իրադարձությունները:
Քալընը եւ Սալիվանը ընդգծել են թուրք-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական նշանակությունը եւ կարծիքներ են փոխանակել տնտեսական համագործակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ընդունելով, որ ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ շփումները կշարունակվեն, Քալընը եւ Սալիվանը ուշադրություն են դարձրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ համերաշխությանը եւ հավելել, որ նրանց միջեւ խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով:
Նրանք շարունակել են ղարաբաղյան պատերազմից հետո Կովկասում իրավիճակի գնահատումը, ինչպես նաեւ ընդգծել են բազմակողմ ջանքերի կարեւորությունը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության պահպանման գործում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Զրույցի ընթացքում արտահայտվել է առաջիկա ժամանակահատվածում երկու երկրների միջեւ ամուր, երկարաժամկետ եւ կառուցողական հարաբերությունների մոդելի մշակման ձգտումը: Դրա հետ մեկտեղ նրանք նշել են, որ բարձր մակարդակի փոխայցելությունների թիվը պետք է ավելանա, եւ հայտարարել են, որ պետք է գործարկվեն մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են երկու երկրների միջեւ 100 մլրդ դոլարի առեւտրի նպատակային ծավալին հասնելու համար: