Արմինֆո.Իրանի հետ կենսական նշանակություն ունեցող հարաբերությունները որոշակի բաղադրիչ են Հայաստանի ազգային անվտանգության ապահովման գործում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
"Այս լույսի ներքո՝ Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ուրիշ այլընտրանք չունեն՝ քան զարգացումը։ Եվ դա՝ անկախ այս կամ այն կողմի հայտարարած մոտեցումներից։ Երևանին անհրաժեշտ է աշխատել բացառապես այդ ուղղությամբ՝ զերծ մնալով ադրբեջանական դինաստիական դիկտատորի ականջին հաճելի հայտարարություններ անելուց։ Ավելին, այն հայտարարությունները, որոնք կարող են էապես սահմանափակել մեր գործընկերների գործողությունները", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով Իրանի ԱԳՆ-ի վերջերս արված հայտարարությունը՝ Որոտան գյուղի մոտ առկա իրավիճակի համատեքստում, իրանագետը այն որակել է որպես շատ կոռեկտ, որը, սակայն, հստակ վկայում է Թեհրանի համար Հայաստանի հետ հարաբերությունների և կապերի կարևորության մասին: Կարճ ասած՝ այդ հայտարարությունը, նրա կարծիքով, ընդգծել է Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհին որևէ խնդիր ձևավորելու անթույլատրելիությունը։
Սեպտեմբերի 12-ից Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում և ստուգում են իրանական բեռնատարները ՝ վարորդներից պահանջելով երթեւեկության վարձ: Սեպտեմբերի 15-ին նրանք ձերբակալել են իրանցի երկու վարորդների՝ նրանց մեղադրելով Արցախ բեռների փոխադրման համար։ Ադրբեջանի այս գործողություններն արդեն լուրջ խնդիր են ստեղծել Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության համար, քանի որ բեռնատարների շատ վարորդներ, պարզապես, ի վիճակի չեն վճարել ադրբեջանական ծախսերը։
Ամեն դեպքում, Որոտանի իրավիճակի լույսի ներքո իրանագետը մեծ կարևորություն է տալիս հայկական կողմի արձագանքին և դիրքորոշմանը։ Եվ այս հարցում Հայաստանի գործընկերների ու դաշնակիցների ավելի նախաձեռնող լինելու անկարողությունը նա պայմանավորում է հենց Երևանի անհասկանալի եւ ոչ միանշանակ արձագանքով։ Մինչդեռ, Ոսկանյանը համոզված է, որ Հայաստանի գործընկերների և դաշնակիցների արձագանքը պետք է տեղավորվի Երևանից եկող մեսիջների մեջ։
"Կասկածից վեր է, որ բռնապետական վարչակարգի կողմից կառավարվող թշնամական Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ուղերձները պետք է լինեն հնարավորինս կոշտ։ Հայաստանի ինքնիշխան տարածքում թշնամու զինվորականների հայտնվելը, Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհին փաստացի մաքսակետ տեղադրելը, որը տուրք է գանձում իրանցի վարորդներից, ծայրահեղ լկտիություն է, անգամ, Ալիևի համար։ Եվ Երևանի պատասխանը նման լկտիությանը պետք է լինի համապատասխան", - ընդգծել է նա։
Նման պահվածքով Ապշերոնի դինաստիական ռեժիմի ղեկավարը, ըստ իրանագետի, ձգտում է զուգահեռաբար լուծել մի քանի խնդիր0։ Մասնավորապես, բարոյահոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա, քանի որ այսօր ոչ մի երաշխիք չկա, որ արդեն վաղը ադրբեջանցի "մաքսավորները" չեն կանգնեցնի հայկական մեքենանները՝ տուրք գանձելու նպատակով։
"Ավելի գործնական նպատակը նման ճնշմամբ հասնել Հայաստանից, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքին"։ Եվ, իհարկե, այս ամենը հստակ ուղերձ է Իրանին։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ուղերձ, որը ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով արգելափակել Իրանի՝ հյուսիս դուրս գալու այլընտրանքային ուղիները։ Մինչդեռ, վերջիններս Թեհրանի համար ունեն ոչ միայն և ոչ այնքան առևտրատնտեսական, որքան աշխարհաքաղաքական նշանակություն", - ամփոփել է իրանագետը։