Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հայց է ներկայացրել ՄԱԿ միջազգային դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար: Այդ մասին ասվում է ՄԱԿ գլխավոր դատական մարմնի հաղորդագրությունում:
Աղբյուրի համաձայն, հայցվորը պնդում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին, և պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների: Հայաստանը շեշտում է, որ այդ բռնություններն ուղղված են հայկական ազգության կամ հայկական ծագում ունեցող անհատների դեմ: Հայցվորը նաեւ նշում է, որ այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, և այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի լուրջ խախտումներ է թույլ տվել: Հայցադիմումում նշվում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները: Հայցվորն Ադրբեջանին մեղադրում է, մասնավորապես, վերոհիշյալ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածները խախտելու համար և նշում, որ Բաքվի այդ խախտումներին վերջ դնելու՝ Երևանի հետագա բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Հետևաբար, Հայաստանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը և հատուցել արդեն պատճառված վնասը:
Հայցի նպատակն է՝ պաշտպանել Հայաստանի և հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից, ինչպես նաեւ կանխել վեճի սաստկացումը և ընդլայնումը: Ուստի, Հայաստանը դիմել է ՄԱԿ միջազգային դատարանին Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջով՝ դա որակելով ծայրաստիճան հրատապության հարց: