Արմինֆո. Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը սեպտեմբերի 16 - ին ՀԱՊԿ գագաթնաժողովի նախաշեմին բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Դուշանբե է ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Ինչպես հաղորդում է Asia-Plus Media Group-ը, վկայակոչելով Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են տաջիկահայկական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Էմոմալի Ռահմոնը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ Տաջիկստանի և Հայաստանի միջև վաղեմի հարաբերությունները հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության համակարգված զարգացման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքականության, տնտեսության և առևտրի, արդյունաբերության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նշվել է նախկինում ձեռք բերված համաձայնությունների գործնական իրականացման, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման եւ այդ հիմքի վրա առեւտրային համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարեւոր հարցեր եւս, նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 16-17-ը Դուշանբեում վարչապետը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համատեղ նիստին: Ավելի վաղ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ նիստի ընթացքում նա կներկայացնի կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները: