Արմինֆո. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացվող ապօրինի գործողություններին:
"Այն, ինչ մենք տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին, շատ կարևոր է։ Այս իմաստով՝ մենք մշտապես ընդգծել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո համապարփակ կարգավորման անհրաժեշտություն կա, եւ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատեւ խաղաղության", - հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեում հայտարարել են, որ Բաքուն վերահսկողություն է հաստատել Սյունիքի մարզով անցնող Գորիս-Կապան ճանապարհահատվածում ' "ադրբեջանական հարկային օրենսգրքին համապատասխան": "Օրենսգրքի համաձայն ՝ տրանսպորտային միջոցներից գանձվում է ճանապարհային հարկ, ինչպես նաեւ պետական տուրք՝ Ադրբեջանի տարածքում միջազգային ավտոմոբիլային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար", - ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունում: