Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հարցը կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։
"Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկու կողմերը կրկին վերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների ձեւաչափ։ Քանի որ կարծում ենք, որ հարցը կարելի է լուծել միայն սեղանի շուրջ՝ բանակցությունների շրջանակում։ Լարված իրավիճակն ու 30 տարի տևած հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում։ Բայց կան որոշակի հիմնարար բաներ, որոնք մենք կարևորում ենք", - ասել է դեսպանը։
Այդ կապակցությամբ նա նշել է, որ չկան իդեալական հարթակներ, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի մանդատ, լեգիտիմություն։ "Մենք այն դիտարկում ենք որպես բանակցությունների համար համապատասխան հարթակ", - նշել է դիվանագետը:
Խոսելով գերիների մասին՝ Լին Թրեյսին հույս է հայտնել, որ բոլոր հայ գերիները կվերադարձվեն տուն: Ընդ որում, նա հիշեցրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը, որը ձեռնամուխ չի լինի լայնածավալ քննարկումների, քանի դեռ գերիների հարցը լուծված չէ։
Հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի առնչությամբ դեսպանն ասել է, որ կոչ է անում բոլոր երկրներին հարգել մարդու հիմնարար իրավունքները: Նա նշել է, որ ԱՄՆ-ը ծանոթ է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին և այլ աղբյուրներից ստացված ուրիշ զեկույցների։ "Մենք այսուհետեւ էլ շարունակելու ենք ուշադիր հետեւել նման դրսեւորումներին, բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից նրանց պատասխանատվության վերաբերյալ", - ընդգծել է դեսպանը: