Արմինֆո.Օգոստոսի 26-ին թուրքական "Ջումհուրիեթ" թերթը հաղորդագրություն է հրապարակել թուրքական բանակում բարձրագույն զինվորական պաշտոններում նշանակումների մասին՝ , վկայակոչելով Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդին։
Այդ մասին հաղորդում է Turan-ը։ Գործակալության համաձայն՝ Խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է բոլոր զորատեսակների եւ զորամիավորումների հրամանատարությունում 141 գեներալ եւ ծովակալ նշանակելու մասին: Այդ ցուցակում նշված է ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ Բախտիյար Էրսայի անունը, որը նշանակվել է "ադրբեջանական օպերատիվ խմբի" հրամանատար: Գեներալ Էնդեր Գյուները նշանակվել է "ադրբեջանական օպերատիվ խմբի" շտաբի պետ, բրիգադի գեներալ Աբդուլա Քաթիրջին նշանակվել է Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոնի հրամանատար:
Ինչպես հայտնի է դարձել Turan գործակալությանը իրազեկ աղբյուրներից, "ադրբեջանական օպերատիվ խմբի" ստեղծման հարցը ծագել է որոշ ժամանակ առաջ, երբ քննարկվում էր Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու հարցը: Թեև դա տեղի չունեցավ, սակայն որոշումը օրակարգից հանված չէ և անհրաժեշտության դեպքում կիրագործվի ։ Այդ գեներալների անունների, ինչպես նաեւ "ադրբեջանական օպերատիվ խմբի" վերաբերյալ բուն փաստի հրապարակումը նպատակ ունի ցույց տալ, որ այդ հարցը օրակարգից հանված չէ, նշել է աղբյուրը:
Գործակալությունը նշում է, որ այս հրապարակումից հետո ոչ Ադրբեջանում, ոչ Թուրքիայում հերքում չի եղել: