Արմինֆո.Սահմանների ապաշրջափակման, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին չխոսել, նկատի առնելով անցյալ տարվա պատերազմի արդյունքներն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առկայությունը, Հայաստանի իշխանությունները, պարզապես, չեն կարող: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Հասկանալի է, որ այս իրավիճակում Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են Հայաստանին պարտադրել փաստացի միակողմանի զիջումներ։ Քանի որ Երևանը, մեծ հաշվով, փոխարենն առաջարկելու ոչինչ չունի։ Իրավիճակը շատ բարդ է, և իր հայտարարություններով կառավարությունը ձգտում է այդ ամենը ներշնչել հասարակությանը։ Թուրքերին ու ադրբեջանցիներին անհրաժեշտ է անվտանգ միջանցք Հայաստանի տարածքով։ Ինչին ի պատասխան՝ Հայաստանն առաջարկում է բացել բոլոր հաղորդակցությունները, ինչպես դա նախատեսված է նոյեմբերի 9 - ի նույն համաձայնագրով", - նկատել է նա։
Ըստ Իսկանդարյանի՝ Հայաստանն առայժմ դիմանում է, սակայն, իր ներկայիս վիճակում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ սեփական շահերը պաշտպանել օբյեկտիվորեն ի զորու չէ։ Ավելին, քաղաքագետը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանորոշման գործընթացն իրականում ոչ մի կապ չունի ոչ սահմանազատման, ոչ սահմանորոշման հետ։
"Ես, իհարկե, չեմ ժխտում, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովն աշխատում է հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, բայց այն, թե որքանով է այդ ամենը արդյունավետ, մեծ հարց է մնում: Հատկապես՝ Արցախի և Հայաստանի կողմից տանուլ տված պատերազմի և մեր երկրի անվտանգության ու իմիջի մակարդակի կտրուկ նվազման պայմաններում", - նկատել է նա։
Նշելով, որ պետության ու պետականության կառուցումն իրականացվում է բարդ ու երկար ճանապարհի միջոցով, Իսկանդարյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախության 30 տարիները պատմական պրոյեկցիայում դրա համար չափազանց համեստ ժամկետ է: Նրա կարծիքով՝ պետության կառուցումը աշխատանքի սերունդներ է պահանջում։ Սակայն, նրա կարծիքով, այլ ճանապարհ չի լինում։ Հետևաբար, պետք է շարունակել դրանով ընթանալ և պետականություն կառուցել։
Այդ ֆոնին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, ըստ Իսկանդարյանի, նույնպես չեն հասել դրված նպատակներին, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի լուծմանը՝ իրենց ընկալմամբ։ Քանի որ Ադրբեջանի տարածքում, իրականում էապես ոտնահարված չափերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ կրկին նրանց ըննկալմաբ, ապրում է ավելի քան 100 հազար մարդ, որոնք ոչ մի կերպ չեն վերահսկվում Բաքվի կողմից։
"Համապատասխանաբար, 44-օրյա պատերազմով ոչինչ չի ավարտվել։ Ադրբեջանը շարունակում է զարգացնել բանակը, զենք գնել, փոխգործակցել թուրքական բանակի հետ, անցկացնել Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ։ Եվ այսօր Ալիևն իր մոտ, գործնականում, ոչ մեծ թուրքական բանակ է ստեղծում, իսկ հազարավոր ադրբեջանցի զինվորականներ վերապատրաստում են անցնում Թուրքիայում։ Ընդ որում, հենց հիմա Ադրբեջանի կողմից հերթական լայնածավալ պատերազմի սանձազերծումը հնարավոր չի թվում։ Բայց, սկզբունքորեն, այդ հեռանկարը գոյություն ունի այսօր և, ի դեպ, միշտ էլ գոյություն է ունեցել", - ամփոփել է Իսկանդարյանը։