Արմինֆո. Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը եւ հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ՝ հանրահավաքի: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 9-ին ԱԺԲ խորհրդի տարածած հայտարարությունում:
«Պահի ընտրությունը պայմանավորված է այն հրամայականով, որ հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը` ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն։ Առաջին հանրահավաք-երթը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 18:30-ին` մեկնարկելով Ազատության հրապարակից։ Պայքարին մասնակցող մեր հայրենակիցներին կոչ ենք անում նկատի առնել, որ ընթացքը լինելու է բարդ, դժվարին և համեմատաբար երկարատև, ուստի անհրաժեշտ է լինել տոկուն և համբերատար։ Համոզված ենք, որ մեր համախմբված պայքարի շնորհիվ Հայաստանը հաղթահարելու է լինել-չլինելու ներկայիս մարտահրավերը և վերածնվելու է որպես քաղաքակիրթ երկրների ընտանիքի լիիրավ ու արժանապատիվ անդամ։ Ի գործ », - ասվում է ԱԺԲ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովրդավարական բևեռը (հավաքել էր18 976 ձայն կամ 1,49 տոկոս) հայտարարել էր, որ չի ճանաչում Հայաստանի խորհրդարանի արտահերթ "ոչ արդար և ոչ ազատ" ընտրությունների արդյունքները և շարունակում է ազգային-ազատագրական պայքարը' կանխելու համար Բաքվի հետ սահմանազատման-սահմանանշման համաձայնագրի կնքումը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր մասնագիտությամբ բժիշկ-կարդիովիրաբույժ, ԱԺԲ-ից վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը, "Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցել են Մոսկվայի պատվերով եւ լիակատար վերահսկողության ներքո, ինչի արդյունքում ձեւավորվել է ռուսահպատակ Ազգային ժողով": Նա համոզմունք էր հայտնել, որ ներկայիս իշխանության կուսակցությունը չի թաքցնում, որ պատրաստ է Բաքվի հետ "դելիմիտացիոն" փաստաթուղթ ստորագրել, ինչը հղի է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից "Արցախի հարցի" տեղափոխմամբ Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի եռակողմ ձեւաչափ, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի պատմական հողերի վերադարձման էջի փակմամբ: "Մենք աշխարհաքաղաքական դարակազմիկ փոփոխությունների շեմին ենք. եկել է քաղաքական Սարդարապատի ժամը, երբ հետխորհրդային ողջ տարածքը կարող է անցնել ճանապարհ դեպի ապագաղութացում", - հայտարարել էր նա, ընդգծելով, որ "պայքարի ելքը կախված կլինի հայ ժողովրդի նախաձեռնողականությունից":