Արմինֆո. Իշխանությունները, անկասկած, պետք է փարատեն հասարակության կասկածները տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ տեղի ունեցող գործընթացների։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
"Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանանշման նույն սպասվող գործընթացի շուրջ, որի մասին, ի դեպ, վերջերս այդքան շատ են խոսում Հայաստանի իշխանությունները, կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չեն հնչում։ Եվ այդ հարցում բնավ Հայաստանի շահերից չբխող բազմաթիվ անորոշությունների առկայության լույսի ներքո՝ մեր կառավարությունն, ակնհայտորեն, չպետք է այդքան ակտիվորեն առաջ մղի այդ թեման։ Ընդհանուր առմամբ, ես միամտություն եմ համարում արժանապատիվ խաղաղության հաստատումը սահմանների հստակեցման հետ կապելու դիրքորոշումը", - նկատել է նա:
Մեկնաբանելով Արցախի շուրջ ընթացող գործընթացների երրորդ կողմի՝ Ռուսաստանի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վերջին ազդակները՝ վերլուծաբանն առանձնացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական փաստաթղթերից մեկում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւակերպումը: Նշելով, որ ԼՂՀ-ի հիշատակումն արդեն իսկ ձեւական բազմամակարդակ հիստերիա է առաջացրել Բաքվում, Սաֆարյանը տեղի ունեցածը գնահատել է որպես ՌԴ-ի կողմից ակնհայտ մարտահրավեր Ադրբեջանին:
"Կատարվածի էությունն ակնհայտ է: Բաքվին ակնհայտորեն հասկացնում են, որ եթե նա շարունակի խուսափել մանդատից, որն օրինականացնում է ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, Մոսկվան իր ներքին արձանագրություններում և փաստաթղթերում, պարզապես, կսկսի գրել, թե որտեղ է այն գտնվում իրականում։ Այսպիսով, Բաքվի այս հիստերիան ակնհայտորեն բխում է Մոսկվայի շահերից։ Ինչի վկայությունն է Ռուսաստանի պաշտպանության նախարարության բավականին զուսպ, ակնհայտ չոր պատասխանը ադրբեջանական աղմուկ-աղաղակին", - ընդգծել է նա։
Օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը BBC-ին հայտարարել էր, որ "Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմների վերաբերյալ որոշակի քննարկումները դեռեւս շարունակվում են":
1960 զինծառայող և 380 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա ներառող ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղաաակայվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության հիման վրա:
Ըստ Սաֆարյանի, այդսպիսով Բաքվին հասկացնում է ոչ միայն խաղաղապահների մանդատի մասին արձանագրության շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը, այլեւ տեղերում խաղի կանոններին ենթարկվելու, ինչպես նաեւ լրացուցիչ պահանջներից զերծ մնալու անհրաժեշտությունը: Օրինակ՝ Արցախի պաշտպանության բանակի զինաթափման պահանջից։ Միեւնույն ժամանակ, այդ ամենը, ըստ նրա կանխատեսումների, չեզոքացնում է, փաստորեն, վերացնում է Էրդողանի և Ալիևի կողմից Շուշիում ստորագրված հռչակագիրը։ Դրա համաձայն, Անկարան ստանում է Արցախի պաշտպանության մանդատ, եթե հանկարծ ինչ-որ մեկը որոշի հարձակվել նրա վրա։ Մինչդեռ, վերլուծաբանի գնահատմամբ, թուրքերն այդ հռչակագիրը ստորագրել են հենց Ադրբեջանին Արցախում խաղաղապահների տեղակայման մանդատի ստորագրումից հետ պահելու նպատակով: