Արմինֆո. Ադրբեջանը ցանկանում է ստանալ ամեն ինչ՝ ներառյալ Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողությունը։ Թեև դեռ բոլորովին վերջերս Բաքվում կարող էին միայն երազել արցախյան Շուշին և Հադրութը վերահսկելու մասին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
"Անցած տարվա սեպտեմբերի 27-ին սկսելով պատերազմ՝ Ադրբեջանն, իմ կարծիքով, հույս ուներ գրավել Արցախի 3-4 շրջան։ Բայց հետագայում իրադարձությունները գնացին այնպիսի սցենարով, որը թույլ տվեց Բաքվին ստանալ առավելագույնը։ Այսպես ասենք՝ Թուրքիայի ակտիվության և Ռուսաստանի պասիվության շնորհիվ։ Ավելին, որոշ չափով Մոսկվան շարունակում է նպաստել ադրբեջանական օրակարգի իրագործմանը՝ նաև այսօր", - ընդգծել է նա։
Ընդ որում, Գրիգորյանը նշել է, որ հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին իրադարձությունները թույլ են տալիս խոսել Մոսկվայի եւ Բաքվի միջեւ որոշակի տարաձայնությունների առկայության մասին: Մասնավորապես, ըստ նրա, Մոսկվայում էական դժգոհություն կա Արցախում ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող հրադադարի ռեժիմի խախտման ուղղությամբ Բաքվի գործողությունների առնչությամբ: Ինչին ի պատասխան՝ անմիջապես որոշել է Բաքվին աջակցություն ցույց տալ Անկարան՝ ռուս զինվորականների կողմից վերահսկվող Բերձորի միջանցքից ոչ հեռու համատեղ զորավարժությունների տեսքով։
Նման իրադրությունը, քաղաքագետի գնահատմամբ, գործնականում, կապ չունի Հայաստանի հետ, քանի որ Բերձորի մոտ տեղակայված են բացառապես ռուս զինվորականներ։ Ավելին, նրա կարծիքով, ռուս զինվորականների քթի տակ Թուրքիայի հետ զորավարժություններով Ադրբեջանը մարտահրավեր է նետում Ռուսաստանին։ Թե ինչպես կարձագանքի Մոսկվան այդ մարտահրավերին, նրա կարծիքով, առայժմ վաղ է ասել։ Առաջին հերթին, հաշվի առնելով Ռուսաստանի բավական յուրահատուկ քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։
"Ամեն դեպքում, վաղ թե ուշ Ռուսաստանը կարձագանքի Ադրբեջանի վարքագծին։ Եվ կարձագանքի բավականին կոշտ ու ցավոտ՝ Բաքվի Համար: Եվ այն, որ Մոսկվան առայժմ չի շտապում արձագանքել, պայմանավորված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրա փոխզիջումային քաղաքականությամբ։ Փոխզիջումային քաղաքականությամբ, որի շրջանակներում, այստեղ զիջելով ինչ-որ բան, Մոսկվան ինչ-որ բան ստանում է այնտեղ", - ընդգծել է նա։
"Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմների շուրջ շարունակվող քննարկումների" վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի վերջերս արած հայտարարությունը Գրիգորյանը բնութագրել է որպես այդ հարցի շուրջ Բաքվի շանտաժի մաս: Եվ Մոսկվայի լռությունն ի պատասխան այդ շանտաժի՝ քաղաքագետը համարում է ադրբեջանական օրակարգի սպասարկմանն ուղղված ՌԴ քաղաքականության հերթական դրսևորում։