Արմինֆո.Ադրբեջանի ղեկավարությունը ձգձգում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին մանդատ տրամադրելը՝ Մոսկվայից իր համար ինչ-որ նոր շահավետ պայմաններ ստանալու նպատակով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Միխեեւը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը BBC-ին հայտարարել է, որ "Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմների վերաբերյալ որոշակի քննարկումները դեռեւս շարունակվում են":
"Հասկանալի է, որ այսօր ոչ ոք չի պատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից։ Թե որքան երկար կտևի այս ողջ իրավիճակը, և ինչ պայմաններ է առաջ քաշում Բաքուն Մոսկվային՝ հայտնի չէ։ Հասկանալի է, որ ոչ ոք այդ մասին բացեիբաց չի խոսում", - նկատել է նա։
Ըստ Միխեևի գնահատականների՝ Արցախում ռուս խաղաղապահներին մանդատ չտրամադրելով այդ տարածքում նրանց գտնվելու համար, որը Բաքուն համարում է իրենը, Ադրբեջանի ղեկավարությունը նման իրավիճակի առաջացման դեպքում միանգամայն ի վիճակի է շանտաժի ենթարկել Մոսկվային այդ տարածքում գտնվելու փաստով իսկ:
"Մի բան պարզ է. բավական ցինիկ խաղ է ընթանում Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահների գտնվելու լեգիտիմացման շուրջ։ Եվ մեր զինվորականներին պահելով առկախված վիճակում՝ Բաքվում, ըստ ամենայնի, հեռուն գնացող նպատակներ են հետապնդում։ Այլ կերպ ասած՝ այդ հաղթաթուղթը պահում են, եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը նրանց թույլ տա Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելը հայտարարել անօրինական", - ամփոփել է Միխեևը։
1960 զինծառայող և 380 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա ներառող ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղակայվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության հիման վրա: