Արմինֆո.Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում մեկնարկել է #ԽոսումէՍևանը արշավը:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ԳԴՀ դեսպանատան մամուլի ծառայությունը, արշավը կիրազեկի Սևանա լճի բնապահպանական խնդրիրների, մարտահրավերների մասին, հասարակությանը կներգրավի դրանց լուծմանը՝ բարձրացնելով լճի բնապահպանական հավասարակշռության վերականգնմանը, պահպանմանը, լճի կայուն, հոգատար օգտագործմանը և պաշտպանությանն առնչվող հարցեր: Արշավը միտված է փոխելու նաև բնակչության՝ Սևանա լճի վրա բացասաբար ազդող վարքագիծը, գիտակցված որոշումներով խթանելու լճի էկոհամակարգի պաշտպանությանն ուղղված կառուցողական դիրքորոշումները և դրական նախաձեռնությունները: Արշավի մանրամասները ստորև նշված հղումներով՝
https://www.facebook.com/SevanTalks ; https://www.instagram.com/sevan.talks/:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Եվրամիությունը Հայաստանին 5 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ է հատկացրել Սեւանա լճի խնդիրները լուծելու համար: Նախագծի իրականացումը թույլ կտա կրճատել լճից ջրի բացթողումները եւ բարելավել ջրի որակը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև այլ միջոցառումներ, որոնք վերաբերում են Սևանին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել երեք մաքրման կայան Մարտունիում, Գավառում և Վարդենիսում: Այդ նպատակով մշակվել է "ճանապարհային քարտեզ", որի շրջանակում Հայաստանում է գտնվում միջազգային ինժեներների խումբը, որը մշակում է մաքրման կայանների հարցը։ Նշենք, որ Սեւանա լիճը տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրն է, Եվրոպայի եւ Ասիայի ամենամեծ բարձրլեռնային լճերից մեկը, գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում՝ 1914 մետր բարձրության վրա: Վերջին տարիներին լճում ամառային շրջանում մեծ քանակությամբ կապույտ-կանաչ ջրիմուռներ են ծաղկում, որից հետո Առողջապահության նախարարությունը երկրի բնակիչներին կոչ է արել չլողալ լճի տվյալ հատվածներում, քանի որ այդ ջրիմուռները թունավոր են: Սեւանի ծաղկումը լուրջ մտահոգություն է հարուցել բնապահպանների շրջանում: Ավելին, փորձագետները հայտարարել են, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ փրկել Սեւանը։ Որպես Սեւանի ծաղկման պատճառ առաջ է քվում երկու տարբերակ: Ըստ առաջինի ՝ պատճառը կապույտ-կանաչ ջրիմուռների տարածումն է, երկրորդը՝ լճում ջրի մակարդակի իջեցումը։