Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային հայտարարություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկխոսության մեկնարկի հնարավորություն է տեսնում։ Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի սկզբում:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, անդրադառնալով սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է.
«Պետք է արձանագրեմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։ Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է։
Հարգելի գործընկերներ, կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»: