Արմինֆո."Ոսկե ծիրան" ամենամյա միջազգային կինոփառատոնն այս տարի բացվելու է իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի "Ահեդի ծունկը" ֆիլմի ցուցադրությամբ, որի պրեմիերան տեղի է ունեցել այս տարի Կաննի կինոփառատոնում:
Երևանում սպասվող կինոյի տոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրել է փառատոնի նոր լոգոտիպը, որի հեղինակը ֆրանսիացի դիզայներ արվեստաբան Վահրամ Մուրադյանն է: Նշվել է, որ կինոփառատոնի պատվավոր հյուրերն են լինելու իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի կինոփառատոնի "Ոսկե արջ" մրցանակի դափնեկիր («Հոմանիշներ», 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի դափնեկիր (Ahedi Knee, 2021) Նադավ Լապիդը, ամերիկացի հայտնի սցենարիստ եւ ռեժիսոր Փոլ Շրյոդերը, որը Մարտին Սկորսեզեի "Տաքսիստ", "Կատաղած ցուլ" "Քրիստոսի վերջին գայթակղությունը", "Ժիգոլո" ֆիլմերի հեղինակն է, ինչպես նաև հունգարական թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկառնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: "Երևանյան պրեմիերաներ" ծրագրի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմեր դիտել Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից:
Կինոփառատոնը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 3-10-ը' ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի կառավարությունը 36.8 մլն դրամ կտրամադրի "Ոսկե ծիրան" կինոփառատոնի անցկացման համար: Նշենք, որ "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր կինոփառատոնը, որը հիմնադրվել է Երևանում 2004 թվականին "Ոսկե ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի և կինոքննադատների և լրագրողների հայկական ասոցիացիայի կողմից: "Ոսկե ծիրանի" հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը: