Արմինֆո. Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով 33 մարդ Է տուժել:
Ինչպես հաղորդել է ԱԻՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ ՃՏՊ-ի հետևանքով 18 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։ Տուժածներից 14-ը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից», - ասվում է հաղորդագրությունում։