Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որի անմիջական ներգրավվածության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների դադարեցմանը: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Այդ հայտարարության համաձայն` խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին: Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության՝ օրերս հաստատված 2021-2026 թթ. ծրագրում։ Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը», - կարծում է Հայաստանի արտգործնախարարը։
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն։ «Երևանը բազմիցս՝ և՜ խոսքով, և՜ գործով, ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության, փոխվստահության, թափանցիկության և լիարժեք ըմբռնման վրա հիմնված բարի ավանդույթները: Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրում ևս մեկ անգամ վերահաստատվում է բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների գործնական ամրապնդման պատրաստակամությունը: Մենք կշարունակենք ընդլայնել և խորացնել միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ:
Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կհարստացնենք նաև մեր համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխհամագործակցության դրսևորումներով և անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում զգալի առաջընթացով», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ "ՌԻԱ Նովոստիի" հետ հարցազրույցում: