Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունը ծագել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ մարտական գործողությունների և կրակի դադարեցումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների նկատմամբ դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով:
Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր, որ Ադրբեջանը երկար ժամանակ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը՝ միաժամանակ դրանում մեղադրելով Հայաստանին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտների ստեղծման պրակտիկան ու հարցի քաղաքականացումը շարունակվում է նաև հիմա։ Հիշեցնեմ, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։
Արցախի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիք ունի` դրա պահպանությունը պատշաճ կերպով ապահովելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով: Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակաուղղված ջանքեր գործադրել այդ ուղղությամբ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ "ՌԻԱ Նովոստիի" հետ հարցազրույցում:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող-ռեզիդենտ Վլադանկա Անդրեևայի հետ հանդիպման ժամանակ փորձել է ՅՈՒՆԵՍԿՕ առաքելության այցը տարածաշրջան թույլ չտալու պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա: Հատկանշական է, որ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաղորդել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու տարածաշրջանի մշակութային ժառանգության վերականգնմանը: Իսկ արդեն անցյալ տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նշել էր, որ կազմակերպությունը "առայժմ սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը տեղերում առաքելության ուղղությամբ": Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 22-ին տարածած կոմյունիկեում կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը եւ հայտարարել Է, որ Բաքուն "բաց է կառուցողական երկխոսության ՝ առաքելության կազմակերպման մանրամասները քննարկելու համար": Ռուսաստանի ԱԳՆ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ արդեն մոտ ժամանակներս: Սակայն հարցը միտումնավոր ձգձգվում է ադրբեջանական կողմից, և այդ ֆոնին Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կատարվում են վանդալիզմի ակտեր, քանդվում են հայկական պատմամշակութային հուշարձանները ։