Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ինչպես հաղորդել է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը, հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր պատկերացումներն ու դիտարկումները մշակույթի ոլորտում առկա խնդիրների և կարգավորումների վերաբերյալ: Նա մասնավորապես անդրադարձել է օպերային արվեստին առնչվող խնդիրներին և իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու օպերային արվեստի առաջընթացին վերաբերող պետական նախաձեռնություններին և միջոցառումներին:
Նախարար Վահրամ Դումանյանն էլ իր կողմից նշել է, որ միջազգային ճանաչում և միջազգային համագործակցության մեծ փորձառություն ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականության մասնակից դարձնելու խնդիրը նախարարության առաջնահերթություններից է, և այս առումով կարևորվում է նաև Բարսեղ Թումանյանի՝ Հայաստանում լինելու որոշումն ու պատրաստակամությունը, ինչպես նաև դա է եղել Կարեն Դուրգարյանին Երևան հրավիրելու և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մոտիվացիաներից մեկը:
Նախարարն ընդգծել է նաև, որ մաեստրո Կարեն Դուրգարյանի առջև խնդիր է դրվել համախմբելու ոչ միայն թատրոնի ստեղծագործական ներուժը, այլև առավելագույնս ապահովելու թատրոնից դուրս գործող հայ արվեստագետների մասնակցայնությունն օպերայի և բալետի ոլորտների առաջընթացն ապահովող գործընթացներում: