


Արմինֆո. Օգոստոսի 31-ին Ազգային ժողովում հավանության չի արժանացել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Ինչպես հայտարարել է հանձնաժողովի ղեկավար, կառավարող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, քանի որ օրենքով վերը նշված պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, ապա նրանք պետք է 5 օրվա ընթացքում ներկայացնեն նոր թեկնածուի:
Արթուր Ղազինյանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 10-ին Երեւանում: 1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2001 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ. փետրվար-հունիս ամիսներին վերապատրաստվել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրոպական իրավունքի ինստիտուտում։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ: 1999-2002թթ. եղել է ՀՀ Սահմանադրական դատարանում առաջին կարգի մասնագետ: 2002-2004թթ. աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի արտաքին կապերի վարչության պետ: 2004-2008թթ. եղել է ՀՀ փոխվարչապետի (տարածքային կառավարման նախարարի) խորհրդական: 2004 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս է: 2006-2021թթ. եղել է ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-ղեկավար: 2008 թվականից հանդիսանում է "Եվրոպագիտություն" միջդիսցիպլինար մագիստրոսական ծրագրի ղեկավար, 2010 թվականից ՝ ԵՄ աջակցությամբ հիմնադրված "Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում" միջդիսցիպլինար կովկասյան տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար: 2009-2010թթ. եղել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական: 2019 թվականից "Մեկ Հայաստան" կուսակցության նախագահն է։ 2021թ. հունիսի 20-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր "Հայաստան" կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով:



