Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ է»:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցության ու կարեկցանքի խոսքերն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն:
Նշենք, որ ոչ մեծ ուժի եւս մեկ պայթյուն է գրանցվել Ղազախստանի Ժամբիլի մարզի զորամասի զինամթերքի պահեստում, տուժածներ չկան, հաղորդում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: "Ինժեներական զինամթերքի պահեստի տարածքում, որտեղ օգոստոսի 26-ին հրդեհ էր բռնկվել, օգոստոսի 29-ին, ժամը 12:20-ի սահմաններում պայթյունէ արձանագրվել: Զոհեր և տուժածներ չկան, դեպքի վայրում մարդիկ չեն եղել։ Պատճառները պարզվում են", - նշել են գերատեսչությունում։ Վերջին տվյալների համաձայն, նախորդ պայթյունների հետեւանքով զոհվել է 13 մարդ, տուժել է 98-ը: