
Արմինֆո. "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը տուժել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից: Ընդդիմության ներկայացուցիչների հավատսմամբ, Նազարյանը հարված է ստացել աչքին և տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:
Հարկ է նշել, որ այսօր վաղ առավոտից օրենսդիր մարմնի գործունեությունը պարբերաբար ընդհատվում է իշխող ուժի և ընդդիմադիր դաշինքների պատգամավորների միջև ծեծկռտուքի պատճառով։ Առաջին միջադեպը տեղի է ունեցել "Քաղաքացիական պայմանագիր" իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, ով երկրի պաշտպանության նախկին բոլոր նախարարներին համարել է դավաճան, քանի որ նրանք "փողի դիմաց քաղաքացիներին ազատել են պարտադիր զինվորական ծառայությունից": Այդ հայտարարությանն արձագանքել է "Հայաստան" դաշինքի պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով տեղից ինչ-որ բան է բղավել։ Դա դուր չի եկել Սարգսյանին և նա ժարգոնային բառապաշար օգտագործելով դիմել է Օհանյանին, որ, ի պատասխան, շիշ է նետել Սարգսյանի կողմը։ Խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել, անվտանգության ուժերը ստիպված են եղել ուժով բաժանել պատգամավորներին, որոնք "շշամարտեր" են կազմակերպել։ ԱԺ-ում ընդմիջում է հայտարարվել, որից հետո խորհրդարանը չի հասցրել վերսկսել գործունեությունը, քանի որ նոր ծեծկռտուք է սկսվել։ "Քաղաքացիական պայմանագրի" պատգամավորները ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել "Հայաստան" դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին: Կրկին ուղիղ եթեր դադարեցվել է, և լրագրողները զրկվել են դահլիճում տեղի ունեցածի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։
Առայժմ պարզ չէ՝ Գեղամ Նազարյանը տուժել է առաջին թե երկրորդ ծեծկռտուքի ժամանակ: Նկատենք, որ բռնություն է կիրառվել նաև ԱԺ-ում մասնագիտական գործունեություն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Ազգային ժողովի անվտանգության ծառայությունը, անհամաչափ ուժի գործադրմամբ եւ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս են բերել իրենց հատկացված հատուկ սենյակից, որտեղից նրանք լուսաբանում են օրենսդիր մարմնի գործունեությունը:
Երկրորդ օրն է, որ խորհրդարանն աշխատում է առանց կանոնների մարտերի ռեժիմով։ Ընդդիմությունը կառավարող ուժին է մեղադրում խորհրդարանի գործունեությունը տորպեդահարելու մեջ, իսկ նրանք էլ, իրենց հերթին՝ ընդդիմությանը։