Արմինֆո. Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3773 հայ զինծառայող, 243-ն անհետ կորել է: Այդ մասին օգոստոսի 24-ին ԱԺ նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նններկայացնելով կառավարության առաջիկա 5-ամյակի ծրագիրը:
Ահա այս արտակարգ պայմաններում, ինչպես նշել է վարչապետը, ինքն ստիպված է ներկայացնել կառավարության ծրագիրը. 44 - օրյա պատերազմի ծանր հետևանքները, Բաքվում ռազմագերիների, հազարավոր հարկադիր վերաբնակների առկայությունը, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ - տնտեսական բարդ իրավիճակը, Հայաստանի անվտանգության մարտահրավերները և ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ՀՀ տարածք, Սոտք-Խոզնավար հատվածում ճգնաժամային իրավիճակը, 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի պարբերական խախտումները։ "Հայաստանը հասել է շրջադարձային կետի, որը վճռորոշ նշանակություն ունի մեր պետականության համար", - ասել է Փաշինյանը:
Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում պատգամավորները ձեռնպահ կմնան վիրավորանքներից, եւ կհաստատվի առողջ բանավեճ՝ իրական հակափաստարկների հիման վրա:
Կառավարության ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է կառուցողական բանակցությունների տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման շուրջ և սպասում է բանակցությունների վերսկսման կոնկրետ առաջարկներին ինչպես բարձր, այնպես էլ բարձրագույն մակարդակով: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսումը:
Փաշինյանն ընդգծել է, որ ներկայումս Ադրբեջանում, այդ թվում ՝ մտացածին քրեական գործերով, հայ գերիների նկատմամբ դատական գործընթացների միջոցով ուժեղ քարոզչություն է տարվում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ: Ինչպես պարզաբանել է կառավարության ղեկավարը, դատապարտված զինծառայողների մեծ մասը գերեվարվել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահ զորակազմի տեղակայման պատասխանատվության գոտում: Բացի այդ, ինչպես նշել է վարչապետը, ադրբեջանական կողմը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը: Այդ համատեքստում, ըստ Փաշինյանի, նրանց նպատակն է վարկաբեկել ռուսական խաղաղապահ զորախմբին։
Մինչդեռ, ինչպես նշել է Փաշինյանը, Հայաստանը կշարունակի ամրապնդել եւ ընդլայնել դաշնակցային համագործակցությունը Ռուսաստանի հետ: Երևանը և Մոսկվան շարունակում են մեծացնել 102-րդ ռուսական ռազմակայանի հնարավորությունները։ "Անհրաժեշտ է առանձին ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման, 44-օրյա պատերազմի դադարեցման, գերիների վերադարձի գործում", - նշել է Փաշինյանը ։ Քայլեր կձեռնարկվեն նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և այլ կառույցների կազմում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ հանրապետությունը տարածքներ զավթելու որեւէ մտադրություն չունի: "Հայաստանը, ինչպես և ցանկացած խաղաղասեր պետություն, զարգացնելու և բարեփոխելու է իր զինված ուժերը ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք չունենք տարածքներ գրավելու մտադրություն։ Մեր նպատակն է պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք չունենք ագրեսիվ մտադրություններ, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է", - հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացին, նշելով, որ գործընթացը պետք է սկսել հնարավորինս արագ: Նա ափսոսանք է հայտնել, որ "քաղաքական աղմուկի պատճառով չի հաջողվել գարնանը հասնել նախատեսված արդյունքի": Հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում անկայուն իրավիճակը լուրջ սպառնալիք է այդ գործընթացներն սկսելու համար", - նշել է նա ։ Փաշինյանը հիշեցրել է խորհրդային քարտեզների հիման վրա հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի հայելային հետքաշման մասին իր առաջարկի մասին: Հայկական կողմը պատրաստ է շարժվել այդ օրակարգով, նշել է նա։
Փաշինյանը կարծում է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը թույլ կտա ճեղքել երկրի բազմամյա շրջափակումը ։ Այս հարցում նա կարևորել է եռակողմ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով։ Վարչապետն ընդգծել է, որ հարցը, ամեն դեպքում, չի լուծվի "միջանցքային տրամաբանության" շրջանակներում, քանի որ ոչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ էլ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ խոսք չկա Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին:
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր խորհրդարանին է ներկայացնում 2021-2026թթ. իր գործունեության ծրագիրը։ "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել է, որ բոյկոտում է քննարկումը եւ "կվերադառնա միայն հայ ժողովրդին իսկապես հուզող խնդիրները բարձրաձայնելու համար": "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պահանջել է ապահովել խմբակցության բոլոր երեք պատգամավորների (Մեղրիի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյան, համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյան և "Իզմիրլյան" ԲԿ-ի նախկին ղեկավար Արմեն Չարչյան-խմբ.) ներկայությունը, որոնք այս պահին գտնվում են կալանքի տակ: Նա պահանջել է նաեւ, որպեսզի գլխավոր դատախազը ներկայանա ԱԺ՝ բացատրություններ տալու համար: Խմբակցության ղեկավարը կոչ է արել խորհրդարանականներին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: