Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունից ԶԼՄ-ներին խնդրում են ոչ հավաստի տեղեկատվություն չտարածել ժամկետային երեք զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ:
«Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։ Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն», - ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով, հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ հայ զինծառայողները սպանվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից: