Արմինֆո. "Թալիբան" շարժման սրընթաց հարձակումը, Աֆղանստանի տարածքի հիմնական մասի, ներառյալ պետական սահմանների եւ մայրաքաղաք Քաբուլի նրա վերահսկողության տակ անցնելը, ինչպես նաեւ երկրում փաստացի իշխանափոխությունը, էապես ազդում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում իրադրության վրա եւ խորը մտահոգություն են առաջացնում: Այդ մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ։
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ ՀԱՊԿ - ում ուշադրությամբ հետեւում են տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի զարգացմանը: "Ստեղծված պայմաններում կազմակերպության գլխավոր նպատակը մնում է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովումը։ Կազմակերպության գործունեության առաջնահերթությունը, ընդ որում, նախկինի պես տրվում է քաղաքական-դիվանագիտական միջոցներին։ Իրավիճակի սրման եւ անվտանգության սպառնալիքի դեպքում Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ հավաքական միջոցները, որոնք նախատեսված են կանոնադրական փաստաթղթերով: Այսօր հեռախոսազրույցներն եմ ունեցել Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի և երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդայի հետ: Ներկայումս տաջիկական ուժային կառույցները լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին, եւ ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման անհրաժեշտություն չկա", - նշել է Զասը:
Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ արդեն սկսվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների անմիջական նախապատրաստությունը, որոնք առաջիկա ամիսներին կանցնեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում: "Անկասկած, Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը կլինի քննարկման գլխավոր հարցերից մեկը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի կեսերին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում", - ամփոփել է Նա: