


Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություն չունի։ Այդ մասին ասվում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարության մեջ։
Մասնավորապես, ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան, Հունանյանը հաղորդել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել Աֆղանստանում Հայաստանի քաղաքացիների առկայությունը պարզելու ուղղությամբ: "Սակայն այս պահին որևէ տեղեկություն չկա Աֆղանստանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին: Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Նախարարությունից խնդրում են, որ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ի հետ կապ հաստատեն թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով»,- ասել է Հունանյանը:
Հիշեցնենք, որ հայ խաղաղապահները ՆԱՏՕ-ի զորակազմի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացրել Աֆղանստանում։ Հայ զինվորականների վերջին խումբը Քաբուլից վերադարձել է այս տարվա մարտին։
Օգոստոսի 15-ին Աֆղանստանի կառավարությունը ճանաչել է փաստացի կապիտուլյացիան թալիբների հանդեպ: "Թալիբանի" առաջնորդները հրամայել են բռնություն չկիրառել երկրի մայրաքաղաքում եւ բոլոր ցանկացողներին թույլ տալ լքել Քաբուլը: Հայտնի է դարձել, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից։ "Թալիբան"- ում Reuters-ի աղբյուրը հաղորդել է, որ շարժումն սպասում է իշխանության լիակատար փոխանցմանը՝ առանց անցումային կառավարության մասնակցության:


