Արմինֆո. Հայաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն հետապնդել ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանին՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի հիմնադրին։ Նման հայտարարությամբ հանդես են եկել ՄԱԿ-ի իրավապաշտպանները ։
ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Սուլթանյանին մեղադրում են ազգային եւ կրոնական թշնամանք հրահրելու մեջ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել նախորդ տարի առցանց աղբյուրներից մեկին տված հարցազրույցի հիման վրա: Սուլթանյանը հանդես է գալիս ի պաշտպանություն Հայաստանում եզդիական համայնքի իրավունքների:
"Փոքրամասնությունների իրավունքների խախտումների վերաբերյալ մտահոգություն հայտնելը նույնը չէ, ինչ ատելություն բորբոքելը կամ բռնություն հրահրելը: Եվ եզդիների նման փոքրամասնությունները սպառնալիք չեն ազգային անվտանգությանը", - նշում են փորձագետները։
ՄԱԿ-ի իրավապաշտպանները կոչ են արել Հայաստանի իշխանություններին վերացնել Սուլթանյանի նկատմամբ քրեական մեղադրանքները, որոնք, փորձագետների կարծիքով, ակտիվիստին եւ բոլոր նրանց վախեցնելու փորձ են, ովքեր պաշտպանում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Սուլթանյանին սպառնում է 3-6 տարվա ազատազրկում։ "Այնպիսի մարդիկ, ինչպիսիք են պարոն Սուլթանյանը եւ նրա կազմակերպության ներկայացուցիչները, կարեւոր դեր են խաղում, Հայաստանի իշխանությունների ուշադրությունն են հրավիրում մարդու իրավունքների խնդիրների վրա",-ասել են փորձագետները: "Կառավարությունը պետք է ուղղակիորեն քննարկի եզդիների եւ այլ փոքրամասնությունների հետ նրանց բողոքները, այլ ոչ թե օգտագործի մտացածին քրեական մեղադրանքները, որպեսզի նրանց լռեցնի", - ընդգծել են իրավապաշտպանները:
Եզդի ժողովրդի ներկայացուցիչները Հայաստան են տեղափոխվել 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ՝ փրկվելով Օսմանյան կայսրությունում հետապնդումներից։ Եզդիները բնակվում են նաև Ռուսաստանի և եվրոպական մի շարք երկրների տարածքում։
Եզդիների մեծ մասն ապրում է Իրաքի տարածքում ։ 2014 թվականին այդ էթնիկ համայնքի վրա հարձակվել են ԻԳԻԼ-ի գրոհայինները։ ՄԱԿ-ի հատուկ քննչական խմբի փորձագետները կարծում են, որ Իրաքում եզդիների զանգվածային սպանություններն ընկնում են "ցեղասպանություն" եզրույթի տակ ։
Հայաստանի իշխանություններին ուղղված կոչով հանդես են եկել ՄԱԿ-ի փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենը, իրավապաշտպանների կարգավիճակի գծով հատուկ զեկուցող Մերի Լոլորը եւ կարծիքի ազատության իրավունքի պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող Իռեն Խանը: Հատուկ զեկուցողները նշանակվում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից, նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն եւ իրենց աշխատանքի համար աշխատավարձ չեն ստանում: