Արմինֆո. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել Հայաստանի զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ իր հայ գործընկեր Արշակ Կարապետյանի հետ բանակցությունների ժամանակ։
"Կարևորում ենք ռազմական ոլորտում մեր փոխգործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Միաժամանակ, պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխման ծրագրի իրականացմանը: Խնդիրը հեշտ չէ, բայց, կարծում եմ, որ Ձեր փորձով այն հնարավոր կլինի լուծել", - ասել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է եւ՝ անվտանգության երաշխավոր: "Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն Է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, եւ մենք խիստ շահագրգռված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ", - ընդգծել է Շոյգուն: Նա նաեւ շնորհավորել է Կարապետյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Շոյգուի խոսքով ՝ դա տեղի է ունեցել բարդ ժամանակներում, երբ դրված են Հայաստանի պաշտպանական ոլորտի առաջիկա բարեփոխուման բարդ խնդիրներ:
Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Շոյգուին ՀՀ Զինված ուժերի մարտունակության վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար: "Ռուսաստանը միակ պետությունն է, որը հայ ժողովրդի անվտանգության համար իրական շոշափելի արդյունք է տալիս եւ այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ անմիջականորեն Հայաստանի սահմաններին։ Մենք պատրաստ ենք շատ սերտ եւ արդյունավետ համագործակցության", - նշել է Կարապետյանը, հաղորդում է "Զվեզդա" հեռուստաալիքը: Նա ընդգծել է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում առաջին արտասահմանյան այցը կատարվել է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։