Արմինֆո. Երեւանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Հարավկովկասյան երկաթուղու երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքների շնորհանդեսը, որոնք Երեւանից կերթեւեկեն դեպի Գյումրի եւ Երասխ: Էլեկտրագնացքները համապատասխանում է միջազգային պահանջներին, որոնք ներկայացված են ուղևորափոխադրումների անվտանգությանն ու հարմարավետությանը:
"ՀԿԵ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նոր էլեկտրագնացքների շնորհանդեսի ժամանակ նշել է, որ վերջիններիս ձեռք բերումը կբարձրացնի երկաթուղու գրավչությունը եւ հնարավորություն կտա մեր ուղեւորներին ավելի հարմարավետ իրականացնել իրենց ուղեւորությունները Հայաստանի տարածքով:
Նրա խոսքով, այս տարի "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի ներդրումային ծրագրում ներդրվել է շուրջ 17 մլրդ դրամ, որից մեծ մասն ուղղված է շարժակազմի թարմացմանը: Մելնիկովը տեղեկացրել է, որ 10 մլրդ դրամն ուղղվել է նոր 27 միավոր վագոն, իսկ 2.5 մլրդ դրամ՝ էլեկտրագնացքներ ձեռք բերելու համար:
"Մեր առաջնահերթությունը ուղեւորների փոխադրմանն առնչվող անվտանգությունն ու պահանջներն են: Մենք հետագայում էլ հետևելու ենք այդ սկզբունքներին", - ասել է նա։
Մելնիկովը շնորհակալությւոն է հայտնել ՏԿԵ նախարարությանը: "Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք լրջորեն առաջ ենք գնացել փոխգործակցության հարցերում շարժակազմի թարմացման, ենթակառուցվածքների վերանորոգման առումով: Վստահ եմ, որ մենք շարունակելու ենք այդ պրակտիկան, որպեսզի Հայաստանի ուղեւորներն ու հյուրերը իմանան, որ երկաթուղին եղել է, կա եւ միշտ կլինի", - նշել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով նախկինում զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: "Այսօր մենք քաղում ենք համատեղ աշխատանքի պտուղները", - ասել է նա: Այս համատեքստում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին: Նա հաղորդել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա ամիսներին հնարավորություն ստեղծվի, որպեսզի էլեկտրագնացքները Սեւանի եւ Շորժայի ուղղությամբ երթուղի իրականացնեն:
Իր հերթին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ երկաթուղային տրանսպորտի դերը Հայաստանում աճում է ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների տեսանկյունից: "Նոր էլեկտրագնացքները համապատասխանում են հարմարավետության եւ անվտանգության բոլոր միջազգային նորմերին", - ասել է նախարարը: Այս տարի, ըստ նրա, սպասվում է 9.5 կմ երկարությամբ երկաթուղային գծերի կապիտալ վերանորոգում, որի համար հատկացվել է 2.7 մլրդ դրամ, իսկ 15 մլրդ դրամն արդեն ծախսվել է շարժակազմի համալրման վրա: "Տարեցտարի աճում է աշխատանքների և ֆինանսավորման ծավալը", - ասել է նա:
Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Ալեքսեյ Սինեգուբովը նշել է, որ էլեկտրագնացքների ձեռք բերումը ՀԿԵ-ի հերթական քայլն է հայկական կողմի խնդրանքով ճշգրտված ներդրումային ծրագրի շրջանակներում շարժակազմի ամբողջական թարմացման ուղղությամբ: "Տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրումները լրացուցիչ խթան կհաղորդեն ընդհանուր տնտեսության զարգացմանը, ամենադրական ձևով կազդեն Հայաստանի զբոսաշրջային ներուժի բարձրացման վրա", - ընդգծել է նա:
Նշենք, որ արդյունավետ եւ հաջող համագործակցության համար ՀԿԵ գլխավոր տնօրենը պատվավոր Երկաթուղայինի շքանշան է հանձնել Սուրեն Պապիկյանին. "Ես միշտ իմացել եմ, որ հաանձինս Ձեզ ՀԿԵ-նհհհզոր աջակցություն ունի: Շնորհակալ եմ մեր գործունեության նկատմամբ կառուցողական աշխատանքային մոտեցման համար: Շնորհավորում եմ Ձեզ, այս ընթացքում Դուք դարձել է իսկական երկաթուղային":
Նույն օրը ՀԿԵ-ում անցկացվել է բաց դռների օր, որի շրջանակներում մոտ 100 դպրոցականներ ժամանել են կայարան ' ծանոթանալու Հայաստանի երկաթուղու թանգարանի ցուցադրությանը եւ նոր շարժակազմին:
Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: