
Արմինֆո. Կառավարությունը հավանություն է տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրի իրականացման համար որպես դրամաշնորհ կհատկացվի 3 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվող միջոցառումները կնպաստեն COVID-19-ի բռնկման ռազմավարական պատրաստվածության և հակազդման գործընթացին, առողջապահական համակարգի, մասնավորապես՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացմանը: Ծրագրի նպատակն է բժշկական ծառայությունների տրամադրման շարունակականության, ինչպես նաև հիվանդության տարածման սպառնալիքին արագ հակադարձելու կարողության ապահովումը` հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հնարավոր ալիքային ընթացքը և սեզոնային սրացումները:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ծրագրով նախատեսված 3 բաղադրիչների շրջանակում նախատեսվում է իրականացնել, մասնավորապես՝ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում: Ըստ հիմնավորման՝ ՀՎԿԱԿ-ի մարզային տասը մասնաճյուղից հինգը՝ Շիրակը, Լոռին, Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը, արդեն իսկ վերակառուցվել, կառուցվել և հագեցվել են լաբորատոր սարքավորումներով: Նախատեսվում է վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման համակարգի հզորացում, մասնավորապես՝ ՀՀ Լոռու մարզում ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում: Կբարելավվեն Վանաձորում ինֆեկցիոն ծառայությունների համար նախատեսված շենքային պայմանները՝ կկառուցվի նոր մասնաշենք՝ 30 մահճակալի համար: Բացի այդ, ծրագրի շրջանակում նախատեսվում է հանրային իրազեկության բարձրացում, մասնավորապես՝ հանրային իրազեկման ռազմավարության մշակում, տեղեկատվական բազմազան հարթակների օգտագործում հանրային իրազեկման նպատակով։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ կատարվել է 6492 թեստավորում, որից դրական է եղել 303-ը: «Ցավոք, մենք գրանցել ենք 4 մահ, ունեցել ենք 208 առողջացում: Ինչպես նկատում ենք՝ ավելացել են թեստավորման ծավալները: Դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց նույնպես աճ է գրանցում: Ըստ այդմ՝ մենք նորից փորձում ենք ուժեղացնել, հորդորել, ուշադրությունը սևեռել փակ տարածքներում կանոնների պահպանման ռեժիմի հաստատման վրա, քանի որ առաջիկայում մեզ սպասվում է ուսումնական նոր տարվա մեկնարկը, և ամեն բան պետք է անենք վարակի աճը զսպելու համար: Բայց ինչպես գիտենք՝ վարակի կանխարգելման ամենագործուն միջոցը՝ պատվաստումն է»,-ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել նաև պատվաստման գործընթացից. «Այս պահի դրությամբ իրականացրել ենք 190 036 պատվաստում, որից 6188-ը՝ երեկ: Ինչպես տեսնում ենք՝ պատվաստման տեմպի բավական լավ առաջընթաց ունենք: Սա, իհարկե, ուրախալի է, բայց պիտի շարունակական աշխատենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում պատվաստումները ողջ երկրում իրականացնելու, քանի որ կարճ ժամանակի ընթացքում արված պատվաստումներն ավելացնում են դրա արդյունավետությունը»:
Նախարարը հայտնել է նաև, որ 30 նմուշառված դեպքերից 25-ում եղել է դելտա շտամի, իսկ 5-ում՝ բրիտանական շտամի առկայություն: «Մեկ անգամ ևս հորդորում եմ՝ շատ ավելի զգոն լինել, որովհետև այս շտամն աչքի է ընկնում տարածելիության բարձր մակարդակով, ինչը բերում է նաև հիվանդացության աճի: Պետք է հնարավորինս խուսափել: Ցավոք, տարածաշրջանում գրանցվող նաև հոսպիտալացման մեծ դժվարություններից, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին օր առաջ պատվաստվել: Դրանք անվճար են, արդյունավետ և հասանելի»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության նախարարը ներկայացրել է նաև վարչապետի հանձնարարությամբ իրականացված վիճակագրությունը. «Հուլիսի 15-ից վարում ենք առանձին վիճակագրություն, քանի որ այդ ամսաթվից է գործում Հայաստանի Հանրապետությունում 10 օր լինելու պայմանը, ինչը թույլ է տվել առանձնացնել վիճակագրությունը: Տեղեկացնեմ, որ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ պատվաստվել է 58 108 անձ, որոնցից 56 010-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, միայն 2096-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ: Սա ցույց է տալիս, որ այո՛, օտարերկրյա քաղաքացիները ևս պատվաստվում են, բայց այն շատ փոքր համամասնություն ունի ընդհանուր պատվաստվումների վիճակագրության մեջ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վիճակագրությունն անհրաժեշտ է առանձին իրականացնել և թվերը հրապարակելիս հենվել ՀՀ քաղաքացիների պատվաստումների թվի վրա: «Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այս պահին մեր կարիքների հետ կապված պատվաստանյութերի խնդիր չունենք և առաջիկա մատակարարումներն էլ պլանավորվում ենք այնպես, որպեսզի ծրագիրն իրականացնենք և կարողանանք պատվաստումների էական աճ ունենալ»,-ասել է վարչապետը:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ անցած կիրակի ստացել են պատվաստանյութի խմբաքանակ: «Այս պահին առաջիկայում ակնկալում ենք չինական «Սինոֆարմ» ընկերության մատակարարումը: Պայմանագիրն արդեն իսկ կնքված է: Նվիրատվության խոստումների համար որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ տեխնիկական որոշ հարցեր ճշգրտելու համար: Մոտակա ժամանակներում ևս կստանանք որոշակի խմբաքանակ և բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մատակարարումների ընթացքը անխափան ապահովելու համար»,-ասել է նախարարը: